«Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ». Արարատ Միրզոյան
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է լրագրողների հետ:
«Որևէ երկրի դեսպանը կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպել, բայց այստեղ ուրիշ բան կա: Այն հոդվածները, մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում այդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից, այդտեղ շատ այլ որակների և շահագրգռվածության մասին է խոսքը: Հենց դրա համար էլ չեմ ողջունում: Ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց նա:
Հարցին, թե Մոսկվայի կողմից այս հանդիպումով մեսիջ տեսնում եք, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Խուսափում եմ մտնել ենթատեքստերի, մեսիջների հարթություն: Կա փաստ, կա վերաբերմունք»:
Մեկ այլ հարցի, թե ՌԴ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները կարող են ազդել դատավարության վրա, ԱԺ նախագահը բացասական պատասխան տվեց. «Երբեք: Որևէ մեկի, որևէ երկրի նախագահի, մեր երկրի վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ, մեծ հույս ունեմ, արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա»: