«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններ հնչեցնելով». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի հռետորական հարցադրման հետքերով
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններ հնչեցնելով:
Բայց վերջին շրջանում դրան գումարվել է նաև իրողության հաճախակի փոփոխությունը:
• Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
• Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով:
• Ապրիլյան քառօրյայից հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր նույն Փաշինյանը ոչ միայն ծպտուն չի հանում այդ մասին, այլ նաև «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին:
• Հայտարարում էր օտարերկրյա գործակալների մասին, բայց հետո իրողություն փոխվեց, և նա անուններ չհնչեցրեց:
• Դրան հաջորդեց դավադիր ուժերի վերաբերյալ խայտառակ ու անհեթեթ հայտարարությունը, բայց այս անգամ էլ հայտարարեց, թե դավադիր ուժ ասածը մի պաշտոնյայի օգնական է, ով հանդգնել է Նիկոլի դեմ սոցիալական ցանցերում քննադատություն հնչեցնել:
• Երեկ պարզ դարձավ, որ մարդկանց սպանության կազմակերպման մեղադրանք հնչեցնելը
Նիկոլը մեկնաբանում է որպես հռետորական հարցադրում:
Մի հռետորական հարցադրում էլ ես անեմ հիմա.
Մարդասպան ռամիլ սաֆարովին պարգևներ շռայլած, Երևանը ադրբեջանական հող համարող և ապրիլյան ահաբեկչական պատերազմը Արցախի ժողովրդի դեմ սանազերծած Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանալը ինչպե՞ս կարելի է բնորոշել:
Որոշեք յուրաքանչյուրդ»: