Բաժիններ՝

Ֆիլմ` «Լռություն»: Ինչո՞ւ է Աստված լռում

Ինչպիսի՞ հոգևոր ֆիլմեր դիտել, ինչպե՞ս վերաբերել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը. դիտում ենք հոգևոր ֆիլմեր» շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։

Այս շաբաթ առաջարկում ենք դիտել․

Ֆիլմ՝ «Լռություն» (Молчание /Silence)
Նկարահանող երկիր՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ճապոնիա, Իտալիա
Ժանր՝ դրամա, պատմական
Տարեթիվ՝ 2016
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Տևողություն՝ 2ժ․40ր․

Ինչո՞ւ է Աստված լռում, երբ Իր զավակները տանջվում են կամ Իր օգնության ու պատասխանի կարիքն ունեն: Այս հարցը տանջում է շատերին, սակայն արդյո՞ք Աստված լռում է: Ինչպե՞ս է Նա արձագանքում մեր աղոթքներին, խնդրանքներին ու տանջանքներին:  Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն իր «Լռություն» ֆիլմում ոչ միայն բարձրացնում է այս հարցերը, այլ փորձում է տալ դրանց պատասխանները:

1640 թվական: Ճապոնիայում մասսայականորեն պայքարում են քրիստոնեության տարածման դեմ: Եթե մի ժամանակ պորտուգալացի քահանաները կարողանում էին ազատ քարոզել այստեղ, ապա իշխանության փոխվելուց հետո նրանք կամ պետք է հրաժարվեն իրենց հավատքից կամ նահատակվեն:
Երկու հոգևորական (ճիզվիտներ)՝ հայր Ռոդրիգեսը և հայր Գարուպեն,  որոշում են գալ Ճապոնիա իրենց ուսուցչի՝ հայր Ֆերեյռուի ետևից, ով ըստ հասած լուրերի կրոնափոխ էր եղել:
Ի՞նչ ճանապարհ է նրանց սպասվում, արդյո՞ք նրանք կդիմանան ճնշումներին, թե՞ կուրանան իրենց հավատը: Ցավ, կասկած, տառապանք, լռություն. որտե՞ղ է Աստված:

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ֆիլմը դիտելիս։

Մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը.

Աստծո լռությունը:

Աստծո լռության դեմ բողոքում ենք գրեթե բոլորս, եթե այն ընկալում ենք որպես մերժում կամ անտարբերության դրսևորում։  Հաճախ մենք ընդգծում ենք Աստծո լռությունը՝ արդարացնելու մեր «լռությունը»։ Աստծո ձայնը լսելու միջոցը ոչ թե ֆիզիկական զգայարաններն են, այլ՝ ճիշտ ընտրություն անելու և մեր ընտրության համար պատասխանատվություն կրելու կարողությունը։ Ուստի Աստծո լռությունը ոչ թե անտարբերության նշան է, այլ հնարավորություն՝ գործելու ու ճիշտ ընտրություն անելու։ Իսկ այն ձայնը, որը լսեց հայր Ռոդրիգեսը ֆիլմում կրոնափոխությունից առաջ, իրականում ոչ թե Աստծո ձայնն էր, այլ այն, ինչ ինքն էր ցանկանում լսել:

Ֆիլմի հերոսները:

Ֆիլմում պարզ գյուղացի մարդիկ ունեին անկեղծ ու պարզ հավատք։ Բնական է, որ հավատքի ու փրկության առումով կարևորն այդ անկեղծությունն է։ Սովորաբար մարդիկ նայում են այն քարոզչի օրինակին, ով առաջնորդում է իրենց։ Անձի օրինակը շատ կարևոր է։ Սակայն անընդունելի է, երբ մարդիկ հայտնվում են վտանգի առաջ, զոհում իրենց կյանքը, իսկ հոգևորականը թաքնված հետևում է այդ ամենին: Քրիստոս մեզ ցույց տվեց օրինակը՝ վտանգի դեպքում հոգևորականն ինքը պետք է լինի առջևում և ամեն հարված իր վրա վեցնի։ Չէ՞ որ Քրիստոս հենց այդպես էլ վարվեց։

Ֆիլմի բացասական կերպարներից մեկը Կիզիդզուրոն է: Նա միշտ դավաճանում էր Աստծուն, մեղք էր գործում, հետո խոստովանում էր ու կրկին նոր մեղք գործում: Նման բացասական օրինակ կա նաև մեր օրերում։ Այսօր էլ շատերը մեղք են գործում՝ մտածելով, որ կխոստովանեն, ու Աստված կների։ Իրականում սա հոգևոր կյանքի համար մեծագույն թյուրիմացություն է։

Դրական էր այն քարոզիչն, ով նահատակվեց հավատացյալի հետ միասին, թեկուզ գնաց ծայրահեղ քայլի, սակայն անկեղծ էր մարդկանց ու Աստծո առջև։
Իսկ այն հոգևորականները, ովքեր առերես ուրացան, սակայն շարունակում էին իրենց քրիստոնյա համարել, ուղղակի վախկոտություն ցուցաբերեցին:
Երբ Աստված լռում է, ոչ թե պետք է բողոքել, այլ պայքարել: Պայքարել որպեսզի ոչ միայն լսես Աստծուն, այլ նաև տեսնես Նրան:

Կարծիքներ ֆիլմի մասին։

Սկորսեզեն, ինչպես միշտ, ցույց տվեց հիանալի աշխատանք: Ֆիլմը դիտելուց հետո ինքդ ես սկսում մտածել, թե արդյո՞ք լսում ես Աստծո ձայնը, կամ արդյո՞ք այն, ինչ լսում ես, Նրա ձա՞յնն է, թե՞ այն է, ինչ ուզում ես լսել: Ֆիլմը շատ կարևոր հարցերի է անդրադառնում, որոնց պատասխաններն ամեն մեկը յուրովի է ստանում: (Նինա)

Ինձ համար անհասկանալի մնացին հայր Ֆերեյրայի և հայր Ռոդրիգեսի որոշումները: Ի վերջո նրանց քայլը քրիստոնյային վայե՞լ քայլ էր: Ճի՞շտ էին նրանք, թե՞ ոչ, կարելի՞ է այդպես ուրանալ հավատը ու մնալ քրիստոնյա: Ֆիլմը շատ հարցերի անդրադարձավ, բայց շատ բան անպատասխան ու չհասկացված մնաց: (Արմենուհի)

Խորհուրդ կտայի դիտել.
«Դոն Բոսկո» (Дон Боско).

Հետաքրիր փաստեր ֆիլմի մասին

Ֆիլմը նկարահանվել է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի համանուն գրքի հիման վրա:
Սա այդ նույն գրքի հիման վրա նկարահանված երկրորդ ֆիլմն է: Առաջինը ճապոնական արտադրության էկրանավորումն էր, որը ցուցադրվել է 1971 թվականին:

Ֆիլմի ռեժիսոր Սկորսեզեն պահել է գրքի կարևոր գաղափարը. «Հալածանքները և մահապատիժները չեն, որ ոչնչացրեցին քրիստոնեությունը Ճապոնիայում:  Այն ոչնչացվեց, քանի որ չէր կարող գոյատևել այստեղ…»:

Հայր Ֆերեյրայի կերպարն իրական է: Պորտուգալացի ճիզվիտ միսիոներն ապրել է Ճապոնիայում և հալածանքների ու տանջանքների հետևանքով ուրացել է հավատը:
Հռոմում ֆիլմի հատուկ ցուցադրություն է կազմակերվել 400 ճիզվիտ հոգևորականի համար:

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս