«Ակնհայտ է, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից  բացասական վերաբերմունք կա». Քաղաքագետը՝ Բալասանյանի հրաժարականի մասին

«Կարծում եմ՝ Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելը կապված է հաջորդ տարի Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկությամբ։ Ինչպես գիտենք, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս նման որոշում կայացրեց և լքեց իր պաշտոնը՝ անկաշկանդ գործելու հնարավորություն ստանալու համար։ Կարծում եմ՝ Վ. Բալասանյանը ևս պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին և պաշտոնի հետ դժվարանում է համատեղել  նախընտրական քարոզարշավը։ Հատկապես՝ տեսնում ենք, որ գաղափարական լուրջ հակասություններ կան նրա և ՀՀ գործող իշխանությունների միջև, ուստի պաշտոնով չկաշկանդվելու նպատակով նման քայլի գնալու անհրաժեշտություն է առաջացել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ պաշտոնից ազատվելուն։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Բակո Սահակյանի մեկ այլ որոշմամբ էլ  Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ, իսկ ԱԻՆ ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը։

Ըստ քաղաքագետի, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները, Վիտալի Բալասանյանն այն անձնավորությունն է, որը կշարունակի իր ծառայությունները մատուցել Արցախի Հանրապետությանը։

Հարցին՝ արդեն հայտնի է Արցախի նախագահի մի քանի թեկնածուների անունները, Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, տեսնո՞ւմ է որոշակի ազդակներ, թե ՀՀ իշխանությունները որ թեկնածուին են աջակցում, քաղաքագետը պատասխանեց.

«Կարծում եմ՝ այս մասին դեռ վաղ է խոսելը, բայց ակնհայտ երևում է, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ  բացասական վերաբերմունք կա։ Երևում է, որ իշխանությունների թողտվությամբ այստեղ գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են Արցախում իրավիճակ սրել։ Դեռ կտեսնենք, թե ՀՀ իշխանությունների մոտեցումներն ինչպիսին կլինեն թեկնածուների վերաբերյալ»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Զվարթ  Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս