«Քաղաքացիների մոտ սպասումներ են առաջանում, մարդիկ հարցադրումներ են անում, բայց պարզվում է, որ որոշումն ընթացքի մեջ է և հանկարծ իրականություն չի դառնում»
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողվներում համատեղ նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Աշխատանքային օրենսգիրքը, որի փոփոխությունները նախաձեռնվել էին դեռ անցած տարի և այն պետք է գար ԱԺ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը տեղեկացրեց, որ օրենսգիրքը ետ է վերադարձվել լրամշակման՝ մի քանի մոտեցումների հետ կապված:
«Նաև նոր բաներ ի հայտ եկան, հիմա նորից կառավարություն ուղարկելու գործընթացում ենք, մոտ 30 փոփոխություններ ենք ակնկալում, մի քիչ ժամանակատար գործընթաց է»,- ասաց Ուդումյանը:
Մ.Թանդիլյանը նկատեց, որ այս պատասխանը միշտ է տրվում՝ ետ ենք կանչել ավելի լավացնելու, բայց հետո տարիներով հետաձգվում է: Ըստ նրա՝ 2016 թ. արդեն պետք է ավարտված լիներ. «Ետ կանչել և դրա փոխարեն չանել ոչինչ, կարծում եմ, ընդհանրապես ընդունելի չէ»:
«Ինձ համար տարօրինակ է, որ կառավարության նիստում փոխվարչապետի մակարդակով որոշում է կայացվում և քաղաքացիների մոտ սպասումներ են առաջանում, մարդիկ հարցադրումներ են անում, բայց պարզվում է, որ որոշումն ընթացքի մեջ է և հանկարծ իրականություն չի դառնում»,- ասաց Մ.Թանդիլյանը՝ կարևորելով, որ անկախ այդ մշակումներից ընթացիկ խնդիրները լուծվեն: