Իշխանական «ֆիասկո» Աբովյանում
Նախօրեին ՀՀ տարբեր մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ․ թվով 22 համայնքներում ընտրվեցին համայնքի ղեկավարներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բացահայտ ուներ մեկ թեկնածու՝ Աբովյան քաղաքում առաջադրված Գրիգոր Գուլյանը։ Ընտրական ողջ քարոզարշավի պատասխանատուն էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով ակնհայտ հակաքարոզ և վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի հասցեին։
Ինչևէ, ընտրությունները կայացան, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների համաձայն՝ Աբովյանի քաղաքապետ վերընտվեց Վահագն Գևորգյանը։ Ակնհայտ է, որ սա առաջին հերթին՝ իշխանական ուժի պարտությունն էր, քանի որ, բացի մարզպետից, թեմային բացահայտ խառնվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում մասնակցելով քայլերթի և ընտրողներին կոչ անելով իրենց քվեն տալ իրենց թեկնածուին՝ Գուլյանին։
Սա բավականին լուրջ ապտակ էր հեղափոխական կառավարությանը, որովհետև ընդամենը 6 ամիս առաջ իշխանություններն Աբովյանում ստացել էին կրկնակի քվե։ Ստացվում է այնպես, որ իշխանությունները կամ կորցրել են վստահությունը հանրության մոտ, կամ ողջ հարցը կայանում է իշխանության «անհարմար» թեկնածու ընտրելու մեջ։
Առավոտյան հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը և նշեց, որ հունիսի 9-ին ընտրությունների արդյունքում հաղթել է հեղափոխությունը, կամ այլ խոսքերով՝ նախկին ոչ մի մեթոդիկա չի կիրառվել, և ոչ իշխանական թեկնածուն հաղթել է վարչապետի թեկնածուին։
Իր հերթին՝ Կոտայքի մարզպետը հայտարարում է՝ Աբովյանում պարտվել է քաղաքացին:
Քանի որ իշխանությունների շրջանառվող թեզերի համաձայն՝ վարչապետը միշտ ճիշտ է, ստացվում է այնպես, որ հեղափոխության հաղթանակը քաղաքացու պարտությունն է: Բացի դրանից, իր հարցազրույցներից մեկում Պետրոսյանը հայտարարել է, թե Աբովյանի ընտրությունների արդյունքը վկայում է, որ Աբովյանի արժանապատիվ քաղաքացին պարտություն կրեց։
Այստեղ հարցն այն չէ, որ վարչապետն ու մարզպետը միմյանց հակասում են իրենց գնահատականներում, այլ, թե մարզպետն այդ ո՞ր իրավունքով է Աբովյանի քաղաքացիների մեծամասնությանը ոչ արժանապատիվ անվանում։
Ակնհայտ է, որ այս ընտրություններում հաղթեցին տեխնոլոգիաները, բացահայտ էր նաև այն, որ Գևորգյանը ոչբարգավաճական ոճի քարոզարշավ էր վարում։
Միանգամից հարց է առաջանում՝ ո՞վ էր հաղթող Վահագն Գևորգյանի նախընտրական կամպանիայի PR պատասխանատուն։
Նշենք, որ քարոզարշավը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների բոլոր դետալներն ու մանրուքները։
Հավելելով նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրությունների արդյունքում՝ նախնական տվյալներով՝ հաղթել է համայնքի ղեկավարի թեկնածու և գործող համայնքապետ, անկուսակցական Ավետիք Մխիթարյանը՝ շրջանցելով իշխանությանը հարող թեկնածուին։
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Հ․Գ․ Երբ իշխանություններն ամբողջ օրվա ընթացքում անընդհատ շեշտում էին, թե այն, ինչ տեղի ունեցավ Աբովյանում, դասական ժողովրդավարության ապացույց է, որ երկրում այլևս չկան նախկինում գոյություն ունեցած «վատ» բարքերը, մի քանի դրվագ հիշեցի ոչնիկոլական Հայաստանից։ Նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի ժամանակ Հայաստանի մի քանի քաղաքներում՝ Իջևանում, Սիսիանում, Եղեգնաձորում, իշխանությունները բացահայտ պարտվել էին ընդդիմությանը, չնայած ողջ ուժով իշխանությունները ցանկանում էին անցկացնել սեփական թեկնածուներին։ Ի վերջո, բոլորիս աչքի առաջ է Արարատի գործող մարզպետի օրինակը, ով, լինելով Փաշինյանի թիմի թեկնածուն, Նոր Կյանք համայնքի ընտրություններում հաղթեց ՀՀԿ թեկնածուին։ Ահա և ձեզ ևս մի քանի ժողովրդավարական ընտրությունների մասին զորավոր փաստեր, բայց արդեն՝ «Հին Հայաստանից»։