Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին վթարից տուժել է 4 մարդ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Վ.Շ., ծնված 1993 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Ի.Պ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Օ.Շ.-ն (ծնված 1955 թ.), Ռ.Շ.-ն (ծնված 1938 թ.) և Ա.Մ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Արմենիա» հանրապետական ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: