Ի՞նչ օրակարգով էին տարածաշրջան այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Հայաստանյան դատաիրավական ոլորտում տեղի ունեցող ակտիվ զարգացումները ստվերեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների  տարածաշրջան կատարած այցի կարևորությունը։ Այսօր ավարտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որը սկսվեց Լեռնային Ղարաբաղում համանախագահների բարձրաստիճան հանդիպումներից, ապա շարունակվեց Հայաստանում և Բաքվում։

Ինչպես այցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ն էր տեղեկացրել, մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կփոխանցեն գերիների փոխանակման  վերաբերյալ իրենց առաջարկները:

Ավելի վաղ ռուսական համանախագահությունը կողմ էր արտահայտվել «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման հնարավորության վերաբերյալ, որը, հայկական կողմերի պնդմամբ, չի կարող կիրառվել մարդասպան դիվերսանտների դեպքում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցով նախապատրաստել են համապատասխան առաջարկներ, որոնք նրանք մտադիր են ընթացիկ տարվա մայիսի վերջին տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում փոխանցել կողմերին»,- հայտնել էին ԱԳՆ-ից:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ գերիների փոխանակման հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Տեղեկություն կար նաև այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել գերիների մոտ հարազատներին թողնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ էին կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: Համանախագահները հանդիպել էին նաև ԱԳՆ ղեկավար Զոհրաբ ՄՆացականյանին և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը սևեռել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, մայիսին անցկացված լայնածաված զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ:

Նշել էր, որ չնայած այս բացասական միտումներին, Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը, միջադեպերի կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ բոլոր տեսակի սադրանքները բացառելու նպատակով: Ուշագրավ է նաև այն, որ այցը տեղի է ունենում նախարարական ենթադրյալ ամերիկյան այցի, Ղարաբաղյան դավադրությունների, մարդասիրական ծրագրերի մշակման և շփման գծում խոսակցությունների ֆոնին։

Մեզ հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ համանախագահներն ամենայն հավանականությամբ չեն անդրադարձել այն լայն օրակարգին, որը քննարկման կարիք ունի նաև այս ձևաչափով։

Ըստ նրա՝ ներկայումս, հաշվի առնելով շփման գծում իրավիճակի փոփոխությունը, համանախագահները խնդիր ունեն անդրադառնալ հրադադարն ամրապնդող համաձայնություններին, այսինքն՝ Վիեննայի և Դուշանբեի, ինչպես նաև խնդիր ունեն չկորցնել այս տարեսկզբից ձևավորվող օրակարգը, մարդասիրական ծրագրերը, որոնք ևս, ինչպես երևում է՝ համաձայնեցման փուլում են, քանի որ կողմերը տարաձայնություններ ունեն գերիների փոխանակման հարցի շուրջ՝ չցանկանալով բոլոր գերիներին դիտարկել միևնույն հարթության վրա։

«Սակայն ներկայումս ավելի շատ են հարցերը, քան պատասխանները, շատ են միմյանց հակասող ու տարաբնույթ հայտարարությունները, հայկական կողմերը կենտրոնացած են ներքին զարգացումների վրա, որն անդրադառնում է ողջ գործընթացի վրա։ Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել բանակցությունները և իր ծրագրերը, փորձում է հասկացնել, որ այլևս չի սպասելու։ Շփման գծում տիրող իրավիճակի փոփոխությունը դրա ապացույցներից մեկն է։ Կարծում եմ՝ գերիների հարցում ևս ժամանակ կպահանջվի համաձայնեցնելու համար, ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը սպասում է այս հարցում մշակումների ավարտին՝ նախարարական հանդիպումն արդյունքով կազմակերպելու համար։ Այս պայմաններում նախարարական հանդիպման այլ օրակարգ չկա, բավականին հաճախ հանդիպել են, որոշել իրականացնել որոշակի աշխատանքներ, և այս փուլում այդ ամենը պետք է համաձայնեցվի հաջորդ փուլով այն ամրագրելու համար։ Իմ համոզմամբ՝ ամերիկյան կողմի դանդաղկոտության այլ պատճառ չկա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում մոտ ապագայում առաջընթացի որևէ հեռանկար չկա։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դավադրությունների մասին հայտարարություններին և նման զարգացումների հավանականությանը, Մաքֆարլեյնն ասաց, որ ներքին զարգացումների այնպիսի մանրամասների չի տիրապետում, որպեսզի վստահորեն կարողանա նման պնդումներ անել։ «Ես չեմ կարող ասել, թե ինչու է նման հայտարարություն արվել, ինչ կասկածներ կան։ Այնուամենայնիվ դրանք ներքին զարգացումների կոնտեքստում են, որոնք առաջընթացի հնարավորությունն էապես նվազեցնում են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս