ԱԺ-ն կենսաթոշակների վերաբերյալ ԼՀԿ-ի օրենքի նախագիծը չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում
ԱԺ-ն քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց « Լուսավոր Հայաստան » խմբակցության գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր կենսաթոշակ ստանալու համար լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացնել մինչեւ 15 տարի:
Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«Օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: Խնդիրն այն է, որ անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել ու վճարել են հարկերը, սահմանված նորմերի կիրառման արդյունքում մեկնելով արտերկիր զրկվում են կենսաթոշակի իրավունքից: Մյուս կողմից անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակը ստանալու բանկային քարտի 12 ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկերից հրաժարվում են գալ ու ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար»,-ասաց Գրիգորյանը
Այսպիսով` խմբակցությունն առաջարկում էր օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվելու էր մինչեւ 15 տարի: Իսկ կառավարության որոշումների միջոցով կարող էր լուծվել 15 տարվա ընթացքում եւ այդ ժամկետը լրանալու դեպքում անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին այցելելու կարգը: Արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասով եւս առաջարկվող նախագծով կգործեր լիազորագրի 15-ամյա ժամկետը, որի լրանալուց հետո թոշակառուն կարող էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարով նոր լիազորագիր ստորագրել հյուպատոսական կամ իր բնակության երկրում գտնվող որեւէ նոտարական ծառայությունում եւ համապատասխան հաստատմամբ ուղարկել այն Հայաստան՝ կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմին:
Գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: « Լիազորագրի համար 15 տարի տալը բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Մենք չենք կարող հետևել, թե 15 տարվա ընթացքում լիազորված մարդիկ ինչով կզբաղվեն, իսկ Հայաստանից դուրս ապրում են բազմաթիվ քաղաքացիներ, այսպիսով գործընթացը անվերահսկելի է դառնում: 15 տարվա ընթացքում կարող են լինել մահվան դեպքեր, երբ ՀՀ-ն չիմանա, որովհետև հյուպատոսություններում և դեսպանատներում մարդկանց մահվան դեպքերը գրանցվում են միայն այն ժամանակ, երբ Հայաստանում առկա են կտակի կամ քաղաքացիաիրավական այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Համաձայն եմ, որ խնդիրը կա և պետք է լուծում ստանա »,-ասաց պատգամավորն ու նշեց, որ խնդրին ավելի կարճ ու համալիր լուծում պետք է տրվի:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ բոլոր խմբակցությունների կողմից բովանդակային առումով, խնդրի էությանն առումով կա կոնսենսուս, սակայն խնդիր կա թվային և այլ տեխնիկական հարցերի առնչությամբ: Քանի որ գրեթե բոլորը բովանդակային առումով խնդիր չեն տեսնում, առաջարկեց հարցի քննարկումը տեղափոխել հանձնաժողով և այնտեղ լուծումները գտնել, նորից բերել լիագումար նիստի օրակարգ:
ԼՀԿ-ից պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ քննարկմամբ պատգամավորներն ապացուցեցին, որ կարելի է կառուցողական քննարկում կազմակերպել հենց նիստի ընթացքում և պետք չէ նյութերը հետ ուղարկել: Նա նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման համար կա առաջարկությունների հնարավորություն, կարող են օգտագործել այդ գործընթացները խնդիրը լուծելու համար:
Նախագիծն օրակարգ ընգրկելու համար կողմ քվեարկեց 38, դեմ 47, ձեռնապահ 12 պատգամավոր: Այսպիսով` նախագծերի փաթեթը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: