Պուտինն ու Գյուլը ևս կմասնակցեն Թեհրանի ՉՇ գագաթնաժողովին
Օգոստոսի 26-31-ին Թեհրանում կայանալիք Չմիավորման Շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Այս մասին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ հայտարարել է գագաթնաժողովի մամլո քարտուղար Մոհամեդ Ռեզա Ֆորգանին: Վերջինիս խոսքերով՝ գագաթնաժողովին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցելու են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Աբդուլլահ Գյուլը.
«Գագաթնաժողովին նաև մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ներկայումս գագաթնաժողովին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 31 երկրների ղեկավարներ: 10 երկրներ Թեհրան են գործուղելու իրենց արտգործնախարարներին, իսկ 4 երկիր՝ հատուկ ներկայացուցիչների: Մի շարք երկրներ էլ գագաթնաժողովին մասնակցելու են դեսպանների մակարդակով», ասել է մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ Չմիավորման Շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հրավերը Իրանի նախագահ Ահմադինեջադի անունից Սարգսյանին էր փոխանցել այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ ներքին գործերի նախարարը: