Բաժիններ՝

Պուտինը և Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։

«Նաեւ արծարծվել է Ռուսաստանի նախագահի եւ ԱՄՆ-ի նախագահի միջեւ հնարավոր շփում անցկացնելու հարցը, մասնավորապես, «քսանյակի»՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում»,- ասել է Ուշակովը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մայիսի 14-ին բանակցություններ է վարել Լավրովի հետ, ինչից հետո նրան ընդունել է Պուտինը: Լավրովը եւ Փոմպեոն Սոչիում վարել են մոտավորապես երեքժամյա բանակցություններ՝ քննարկելով, ինչպես նշել է արտգործախարարության ղեկավարը, երկկողմ հարաբերությունները, առավել հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցերը, ներառյալ իրադրությունն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, ԿԺԴՀ-ի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը:

Կողմերը համաձայնության են եկել, որ «անհրաժեշտ է ջանալ գործնական քայլեր ձեռնարկել (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրադրության շտկման ուղղությամբ», ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Փոմպեոյի հետ Պուտինի հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտնել է, որ «ճեղքում առայժմ չի զգացվում, բայց ամերիկյան կողմից գործարար տրամադրվածություն դրսեւորվեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս