«Հայաստանում առկա ատելության խոսքն ամբողջովին ազդում է նաև տնտեսության վրա». Րաֆֆի Մխչյան
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանից արտահանման ծավալները նվազել են 8.6%-ով, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրներ նվազումը կազմել է 6%, իսկ ԵՄ երկրներ՝ 24.8%:
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը դեպի Եվրոպա արտահանման ծավալների անկումը պայմանավորում է հիմնականում հանքահումքային ապրանքների գործոնով, քանի որ միջազգային շուկայում մոլիբդենի, պղնձի գինը նվազել է:
«Դա նաև ուղիղ կապ ունի աշխարհի քաղաքական իրավիճակների հետ, մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցները՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի, նաև միջազգային շուկաներում վայրիվերումները կարող են պատճառ լինել: ԵԱՏՄ ուղղությամբ անկումը նույնպես դրանից է գալիս, և ռուբլու խնդիրն է»,- ասաց նա:
Ըստ Ր.Մխչյանի՝ դժվար է կանխատեսել, թե զարգացումները որ ուղղությամբ կընթանան, որովհետև նախ՝ Հայաստանում ընդհանուր մթնոլորտն առողջ չէ.
«Շատ լարված մթնոլորտ կա, որի արդյունքում թե ինչը որքան կտուժի, ես չեմ կարող ասել: Պետք է այդ մթնոլորտը վերացնել: Խոսքը քաղաքական մթնոլորտի մասին է, որը բավականին թունավոր է՝ սոցցանցերում իրար վրա հարձակումներ, ատելության խոսք, և այլն»:
Միության նախագահի հավաստմամբ՝ այդ ատելության խոսքն ամբողջովին ազդում է նաև տնտեսության վրա: Նա իրավիճակ ներկայացրեց, որ, եթե որևէ ներդրող ցանկանա Հայաստանում ներդրում իրականացնել, այս միջավայրը կվանի նրան. «Պետք է կայուն վիճակ լինի, վերջ տրվի ատելության խոսքին, որ երկիրը բնականոն զարգացում ունենա:
Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ դա էլ կհաղթահարվի, և Հայաստանում շատ մեծ զարգացում կլինի»: