Կորեայի Հանրապետության բնակիչների կեսից ավելին հանդես է գալիս ԿԺԴՀ-ի հետ բանակցելու օգտին. հարցում
Կորեայի Հանրապետության քաղաքացիների կեսից ավելին պաշտպանում է Փհենյանի հետ երկխոսության շարունակումը: Սրանք են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք մայիսի 13-ին հրապարակվել են Ազգային միավորման պետական ինստիտուտի կողմից։
Դրա տվյալներով՝ հազար հարցվածների 51,4 տոկոսը հայտարարել է, որ կառավարությունը պետք է շարունակի ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը եւ փորձի փոխզիջում գտնել հյուսիսկորեական ռեժիմի հետ: Ինստիտուտի նմանօրինակ հետազոտությունների պատմության մեջ առաջին անգամն է, երբ Փհենյանի հետ մերձեցման կողմնակիցների թիվը գերազանցել է դրա հակառակորդների թվաքանակը:
2017 թվականի համեմատությամբ այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ ԿԺԴՀ-ն կարող է երկխոսության գծով նորմալ գործընկեր դառնալ, 8,8 տոկոսից ավելացել է մինչեւ 33,5 տոկոս: Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 39,2 տոկոսն այլ կերպ է մտածում: Ընդ որում՝ հարցվածների 72,4 տոկոսը վստահ է, որ ԿԺԴՀ-ն երբեք չի հրաժարվի իր միջուկային ծրագրից եւ լիակատար միջուկազերծման չի գնա:
Եվս 28,7 տոկոսն այն կարծիքին է, որ Փհենյանին դրան կարող է մղել լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանումը: Կորեական երկու պետությունների միավորման անհրաժեշտությանը, որոնք բաժանվել են 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով, վստահ է 65,6 տոկոսը՝ 8 տոկոսով ավելի, քան 2017 թվականին: Պատասխանելով առանձին հարցին՝ հարցման մասնակիցների 49,5 տոկոսը նշել է, որ պարտադիր չէ, որ երկու երկրները միավորվեն, եթե նրանք կարողանան միմյանց հետ խաղաղ գոյակցել:
Ազգային միավորման ինստիտուտը նշում է, որ քաղաքացիների տրամադրության փոփոխությունները տեղի են ունեցել Հարավային Կորեայի կառավարության եւ նախագահ Մուն Չժե Ինի այն ակտիվ քաղաքականության շնորհիվ, որն ուղղված է ԿԺԴՀ-ի հետ մերձեցմանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հարցումն անցկացվել է ապրիլի 5-ից մինչեւ 25-ը: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: