Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը գերխնդիրների առաջ է
Նկատի առնելով Երուսաղեմի անփոխարինելի կարևորությունը հայերի ազգային մշակութային և հոգևոր ու հատկապես պետական կառույցների ամրացման ու գոյատևման համար Երուսաղեմի հայոց պատրիարքության շուրջ ստեղծված վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այնտեղ իսկապես ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, նկատի ունենալով, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոմայի վիճակում հիվանդանոցում է և ի վիճակի չէ այլևս ղեկավարել պատրիարքությունը, իսկ տարածաշրջանի քաղաքական իրավիճակը պայթունավտանգ է: Բացի այդ Երուսաղեմում հայ եկեղեցին կարևոր տարածքներ ունի Սիոն լեռան վրա, որը ինչպես հայտնի է, հրեաների սուրբ լեռն է, և վերջիններս վաղուց մտադիր են հայերին դուրս մղել այնտեղից: Այս խնդրի կապակցությամբ սփյուռքահայ մամուլում հարցազրույց է տպագրվել պատրիարքության ներկայացուցիչ Նահապետ Մելքոնյանի հետ, որը հատվածաբար ներկայացնում են ստորև.
-Բոլորիս հայտնի է, որ Պատրիարք Հայրը հունվարից կոմայի մեջ է: Տեղյա՞կ եք նրա առողջական վիճակից:
– Հունվարի 19-ին պատրիարքը անգիտակից վիճակում տեղափոխվել է հրեական «Հատասահ» հիվանդանոցը` ուղեղային կաթվածով: Հիվանդանոցն օժտված է արդիական սարքավորումներով և նա գտնվում է նաև բժիշկների հսկողության տակ, սակայն դժբախտաբար, պատրիարքի առողջության մեջ բարելավում չի նկատվում: Միաբանները պարբերաբար այցելում են նրան և խնամում:
-Ինչպե՞ս է կառավարվում պատրիարքությունն այսօր:
-Սուրբ Աթոռի տնօրեն ժողովը այս տարվա հունվարի 30-ին հատուկ նիստ է գումարել և պատրիարքական փոխանորդ նշանակել լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` վարելու համար պատրիարքարանի առօրյա գործերը:
-Իսկ այս վիճակը որքա՞ն կարող է շարունակվել:
– Բնականաբար ոչ երկար: Եթե ժամանակին՝ 2010-թ.-ին, մի նախագիծ պատրաստվեր և քննարկվեր, կարելի էր ընտրել աթոռակից պատրիարք և պատրիարքությունն այսօրվա վիճակում չէր լինի: Սակայն վերջերս հունիսի 15-ին տեղական միաբաժանական ժողով կայացավ, ինչին իրավունք ունեին ներկա գտնվել այլ երկրներում գտնվող միաբանները:
-Պատրիարքի ընտրության հարց կա՞ր օրակարգում:
-Միաբանական ժողովի օրակարգից տեղյակ չենք: Սակայն ընդհանուր կարծիք կա, որ մինչև 2013 թվականի հունվար սպասելը անիմաստ է, քանի որ արդեն 3 տարին է լրանում, ինչ պատրիարքի առողջական վիճակը ծանր է: Այս ժամկետում եթե բժիշկները եզրակացնեն, որ առողջական վիճակը այլևս չի բարելավվի, պատրիարքը կարող է հանգստի կոչվել և ընտրվել նոր պատրիարք: Նման որոշում է կայացրել այս ժողովը:
-Տեղյա՞կ եք, թե՞ երբ կկայանա հաջորդ ժողովը:
-Հուսով ենք, որ Աստծո կամոք, այն տեղի կունենա 2013 թվականի հունվարին: Բոլոր միաբանները կհրավիրվեն Երուսաղեմ՝ Սուրբ ծննդյան արարողություններին և ընդհանուր ժողովին մասնակցելու:
-Իսկ այլ տարբերակներ կա՞ն:
-Այո: Օրինակ` կարելի էր անմիջապես միաբանական ընդհանուր ժողով գումարել և ընտրել տեղապահ: Տեղապահի պարտականությունը պետք է լինի նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները կատարելը:
-Նկատի ունենալով ներկա վիճակը, արդյոք արդեն կա՞ թեկնածուների ցանկ:
-Ո°չ: Դեռ թեկնածուներ չկան, սակայն Նուրհան Մանուկյանն արդեն իսկ ի պաշտոնե թեկնածու է:
-Ովքե՞ր, ըստ Ձեզ, կարո՞ղ են թեկնածու լինել:
-Երուսաղեմի պատրիարքության յուրաքանչյուր միաբան եպիսկոպոս կամ վարդապետ կարող է թեկնածու լինել:
-Իսկ Սփյուռքի տարածքում առաջնորդներից կամ բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկի թեկնածությունն առաջադրելու ձգտմանն տեղյա՞կ եք:
-Երուսաղեմում որպես նվիրապետական աթոռ միայն Սուրբ Ուխտի միաբանը կարող է թեկնածու լինել: Օրինակ` Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ովքեր իրենց վաստակով հավանական թեկնածուների թվում են: Սակայն դեռևս այդ մասին որևէ բան չեն ասել:
-Իսկ անձամբ որևէ նախապատվություն ունե՞ք:
-Նախ թեկնածուն պետք է լավ ծանոթ լինի պատրիարքության դարավոր պատմությանը, ուսանած լինի Երուսաղեմում, ծանոթ լինի տեղի սովորույթներին և ավանդույթներին, պատրիարքության իրավասություններին, ինչպես նաև՝ տարբեր ազգությունների փոխհարաբերություններին:
Երուսաղեմի պատրիարքությունը եկամտաբեր կալվածքներ ունի Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի մեջ, և այս երկրների հայության հոգևոր առաջնորդն է: Մինչ օրս Հայոց պատրիարքությունը Հույն և Կաթոլիկ պատրիարքությունների հետ պահապանն է Սուրբ Երկրի սրբատեղիների: Ուստի հարկ է բարվոք հարաբերություններ մշակել վերոհիշյալ կրոնական ուղղությունները ներկայացնող բոլոր պետությունների և եկեղեցական հարանվանությունների հետ:
Շատ կարևոր է նաև, որ թեկնածուն խորը հմտություններ ունենա վարչական, տնտեսական ու նաև դիվանագիտական ասպարեզներում: Գիտեմ, որ դժվար պահանջներն են, սակայն Երուսաղեմի դարավոր Առաքելական Սուրբ Աթոռի գահակալի խոսքն հեղինակություն է Սուրբ քաղաքի մեջ:
Բայց կա նաև մեդալի մյուս երեսը: Միաբաններ կան, ովքեր հազիվ 2-3 տարի ծառայելուց հետո հեռացել են վանքից, ու թեև ծառայել են հայ եկեղեցուն, սակայն այլևս վանականի կյանքով չեն ապրել: Իսկ Երուսաղեմը հոգևոր ծառայության վայր է՝ բառիս իսկական իմաստով:
-Ինչպե՞ս կբնուաթագրեք պատրիարքության ներկա հարաբերությունները հարևան երեք պետությունների՝ Իսրայելի, Պաղեստինի ու Հորդանանի հետ:
-Պատրիարքությունը ջանում է լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Պատրիարքական նոր փոխանորդը աշխատում է հարթել անհամաձայնություններն ու վեճերը, որոնք վերջին տարիներին հաճախացել են: Որպես արդյունք` Հունաց պատրիարքը միաբանության անդամներով պաշտոնապես այցելեց Հայոց պատրիարքարան` շնորհավորելու հայերի Սուրբ ծնունդը:
-Ներկա վիճակն նկատի ունենալով, երբ Պատրիարք Հայրը դեռևս կենդանի է, Իսրայելը կվավերացնի՞ նոր պատրիարքի ընտրությունը: Չէ որ Պոլսո պատրիարքի պարագայում Թուրքիան խնդիրներ հարուցեց այս հարցում:
-Չեմ կարծում, որ դժվարություններ լինեն, մանավանդ որ, ընտրությունը ծրագրված է կատարել բժիշկների հետազոտության արդյունքներից հետո: Բացի այդ Հորդանանի թագավորությունն է, որ ընտրյալ պատրիարքին պատրիարքական հռչակագիր է շնորհում:
Երուսաղեմի պատրիարքությունը դժվարին օրեր է ապրում և խիստ կարիք ունի բարեկարգման և զարթոնքի:
-Լավատես լինենք, որ այս դժվարին օրերը կհաղթահարվեն և առողջություն մաղթենք Պատրիարք Հորը՝ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին:
Հարցազրուցը վարեց՝ Սարգիս սարկավագ Մեսրոպյանը