«Վաստակածս գումարով միայն իմ առօրյա ծախսերն եմ հոգում»

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Սյուզի Մելիքյանը սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում` դիվանագետի մասնագիտացմամբ: Իր խոսքով` 10 տարեկանից սկսել է երգել:

168.am-ի թղթակցի հարցին, թե այդ տարիների ընթացքում արդյո՞ք եղել է մեկը ով իրեն թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես կարողացել է օգնել շոու-բիզնես մուտք գործելու համար, նա պատասխանեց. «Շոու-բիզնես մուտք գործելը շատ բարդ է, և ով միայն ֆինանսներով է մուտք գործում՝ շատ կարճատև կյանք է ունենում, իսկ ես ունեցել եմ մարդիկ, ովքեր հոգեպես իմ կողքին են եղել՝ ծնողներս և ընկերներս»: Սյուզին շքեղ ավտոմեքենաներ է վարում, ամեն անգամ նոր երգով ու նոր ոճով, նոր տեսահոլովակներով է հանդես գալիս: Այդ իմաստով շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյո՞ք Սյուզի Մելիքյանն իր երգով վաստակում է բավականաչափ գումար: Ինչպե՞ս է կարողանում ամեն անգամ նոր ոճով, նոր երգերով և տեսահոլովակներով հանդես գալ: «Եթե ճիշտն ասեմ` բավականաչափ գումար չեմ վաստակում, այնքան եմ վաստակում, որ միայն իմ անձնական, առօրյա ծախսերն եմ հոգում: Այսօր շատ բարդ է գումար վաստակելը, դրա համար պետք է աշխատել ու աշխատել: Իսկ թանկարժեք ավտոմեքենաները, որոնք նկարահանվել են տեսահոլովակներում, իմը չեն»:

Սյուզիի Facebook-յան էջում վերջերս մի նոր լուսանկար էր հայտնվել, որի վրա նոր երգի անուն էր գրված: Երգչուհին, պարզվեց, շուտով կներկայացնի նաև նոր երգի տեսահոլովակը: «Այդ նոր երգը գրվել է իմ շատ սիրելի «Մեծ Հայք» ռեքորդսի կողմից, և ես էլ մեծ սիրով կատարել եմ: Տեսահոլովակը շուտով կլինի եթերում, ռեժիսորն է Էդգար Վարդանյանը, երգը RNB ոճի մեջ է, իսկ բառերը շատ հետաքրքիր են` մարդկանց հիշեցնում են այն մասին, որ որքան էլ սիրես, խենթանաս սիրո համար, պետք է առաջինը քեզ կարևորես ու չմոռանաս ինքդ քո մասին այդ սիրո մեջ, ու այդ դեպքում ամեն բան ավելի հարթ կլինի»,- ներկայացրեց Սյուզին: Երգչուհին չի վախենում չար աչքից և կարծում է, որ որևէ մեկն իրեն չի կարող վնասել. «Չկա մեկը, ում աչքից վախենում եմ, որովհետև ես հավատում եմ իմ Աստծուն և գիտեմ, որ ինձ չարը կամեցողներին Աստված կդատի: Մարդիկ ինձ վնասել չեն կարող, որովհետև ես մինչ օրս վատություն չեմ արել ոչ ոքի ու միշտ դիմացինիս, անկախ ամեն ինչից, միայն լավն եմ կամենում»: Օրեր առաջ Սյուզին արտերկրում նշեց իր ծննդյան 25-ամյա տարեդարձը: Ինչո՞ւ այդպես որոշեց` նշել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: «Ինձ համար իմ լավ ընկերների շրջապատում տոնելն ավելի հաճելի է, բայց այս անգամ այդպես ստացվեց, և շատ հաճելի էր, քանի որ տարբերվող ծնունդ ունեցա»,- ասաց նա:

 

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս