«Մթնոլորտը շիկացած են ցանկանում պահել». «Ֆիդայիներ» հ/կ նախագահը՝ «Սասնա Ծռերի» ավտոերթի մասին
«Սասնա Ծռեր» անցյալ տարի ստեղծված կուսակցությունը մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ է նախաձեռնել: Կազմակերպիչները նշել էին, որ 3 օրերի ընթացքում տարբեր միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում և՝ հանդիպումներ Արցախի վարչական շրջանների կենտրոններում:
«Ֆիդայիներ» հ/կ նախագահ Սեյրան Չիլինգարյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով ավտոերթի մասին՝ ասաց.
«Բամբասելու բնավորություն չունեմ, բայց վերջերս իրենց ուղիղ եթերներից մեկի ժամանակ մի բան հարցրեցի՝ այդպես էլ չպատասխանեցին: Հարցրեցի՝ ի՞նչ կապ ունի մեր ազգային էպոսի անունն ինչ-որ մի կուսակցության հետ: Կուսակցություն է, այսօր կա, վաղը՝ չկա»:
Սեյրան Չիլինգարյանը նշեց, որ վտանգներ շատ չի տեսնում, իր կարծիքով՝ պարզապես մթնոլորտը շիկացած են ցանկանում պահել:
«Ուղղակի, ինձ թող ներեն, բայց ոնց որ ուզում են մթնոլորտը շիկացած պահել: Պարագլուխները երկու կողմից էլ կռիվ տեսած տղերք են, կռվի միջով անցած են, մի քիչ կարող է ինչ-որ վտանգների նման մի բան լինի, բայց մեծ չի լինի: Միայն քաղաքական գործիչներ չեն, որ այստեղ խոսեն, սա ասեն, նա ասեն: Կռվի միջով անցած տղեն մի քիչ ուրիշ է, մեր հոգեբանությունը մի քիչ ուրիշ է, մի քիչ շուտ ենք ջղայնանում, կարող ա՝ մի տեղ էլ անկապ ենք ջղայնանում, բայց դե մարդիկ են… մի բան գիտեմ՝ ընդդիմությունն ինչքան ուժեղ լինի, այնքան երկիրն ուժեղ կլինի, բայց սա ընդդիմության նման չէ, մարդիկ կուրս են վերցրել, ուզում են դրանով գնան: Ես կողմ եմ հզոր, առողջ օպոզիցիայի, թե չէ՝ գնում են՝ հայ-վույ, ամենքը մի պաշտոն գրպանները գցում, մի աթոռ տակները դնում, ու օպոզիցիան վերանում է»,- նշեց Սեյրան Չիլինգարյանը:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն (Կոռնիձորի Արո) էլ նկատեց.
«Հաշվի առնելով այնտեղի ոհամակաորջային բանը, կարող է պրովոկացիա լինել, բայց ընդհանրապես չեմ ուզում վտանգ տեսնել: Կարող է պրովոկացիա լինի, որովհետև նախընտրական շոուներն են, իսկ ղարաբաղյան գործոնի մեջ օտար է նա, ով ղարաբաղցի չէ»:
Անի Կարապետյան