«Ես դա չէի անվանի ապակայունացում, ադրբեջանական կողմը որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ կան դեպքեր». Փաշինյանը՝ սահմանի ապակայունացման մասին
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի։ Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում:
«Բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն Ադրբեջանի նախագահի հետ կապի մեջ է։
«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչու է կատարվում»,- նշեց նա:
Նրա խոսքով, պետք է հասկանալ՝ կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունացել իրավիճակը:
«Չնայած ես դա չէի անվանի ապակայունացում, որոշակի օրերի միջադեպեր են արձանագրվում, ադրբեջանական կողմը որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ կան դեպքեր, մտահոգություններ, մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հասկանալ»,- ասաց Փաշինյանը: