Բաժիններ՝

Հայ կինոյի օր ունենալու առաջարկը կարծես թե բոլորի սրտով է

Ընդմիջումից հետո Ազգային ժողովի հերթական քառօրյայի այսօրվա նիստը շարունակվեց ԱԺ-ի բաց դռների շրջանակներում Խորհրդարան այցելած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և մի խումբ վետերաններին ողջունելով։

Ապա նիստը շարունակվեց «Տոների և հիշատակի» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» (ԲՀԿ) խմբակցության առաջարկի քննարկմամբ, որով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել՝ որպես Կինոյի օր։

Ելույթով հանդես եկած «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ քանի որ այս հարցի շուրջ խմբակցությունում կոնսենսուս չկա, խմբակցությունն իր քվեարկության մեջ ազատ կլինի, ինչպես նաև առաջարկեց տոնն անվանել ոչ թե միայն՝ կինոյի, այլ՝ կինոյի և թատրոնի տոն։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքով՝ տոնի հետ կապված՝ թյուրըմբռնում կա, քանի որ խոսքն առհասարակ ոչ թե կինոյի մասին է, քանի որ կինոյի տոներ կան աշխարհում, այլ հայ կինոյի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը ևս կարևորեց այս տոնը հատկապես մարզերում կինոն մասսայականացնելու տեսանկյունից՝ նշելով, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ Կառավարությունն այդ տոնը հանրահռչակի՝ որպես ոչ աշխատանքային օր։ Նա ևս կոչ արեց կողմ քվեարկել ԲՀԿ բերած օրենքի նախագծին։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեմ չէր թատրոնի օր ևս ունենալուն, սակայն ասաց, որ վերջիններս տարակարծություն կունենան տոնի օրվա հետ կապված՝ հավելելով, որ իրեն այս տոնն ունենալու խնդրանքով դիմել են կինոաշխարհի մարդիկ, և եթե թատերական աշխարհի ներկայացուցիչները ևս կցանկանան միավորել տոները, իրենք խնդիր չեն տեսնում։

Օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ առաջարկելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ էլեկտրամոբիլներին տալով հարկային արտոնություն, այն է՝ նրանց ազատել ավելացված արժեքի հարկից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս