«Պայքար կոռուպցիայի դե՞մ, թե՞ օրինականացված կոռուպցիա». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պայքար կոռուպցիայի դե՞մ, թե՞ օրինականացված կոռուպցիա.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է կտրուկ բարձրացնել իր և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների աշխատավարձերը։
Այսպիսով՝ «սիրո, թավշյա» հեղափոխականները սկզբում իրենք իրենց պարգևատրեցին՝ այն պատճառաբանելով աշխատանքի «ահավոր ծանրաբեռնվածությամբ», ինչպես նաև կաշառքի վերցնելու գայթակղությունից զերծ մնալու համար, իսկ այժմ արդեն իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացնում, հավանաբար, նույն «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»։
Արդեն իսկ սույն բացատրությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։
Արդյո՞ք սրանից չի հետևում, որ իշխանության եկած հեղափոխականները ոչ թե, ինչպես հանրությանն էր թվում, նվիրյալներ են, այլ «համապատասխան» իրենց ֆինանսա-նյութական վիճակը բարելավելու համար «պայքարող» շարքային գործիչներ։
Եվ արդյո՞ք հայաստանյան պայմաններում շուրջ 400-700 հազար դրամ և ավելի աշխատավարձերը համարվում են ցածր «սկզբունքային հեղափոխական նվիրյալների» համար։
Թե՞ կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է անցում դեպի «օրինականացված կոռուպցիա»։
Եվ վերջապես․ ես դեմ չեմ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, հետևյալ պայմանների դեպքում․
1. Երկրի տնտեսական վիճակի ընհանուր բարելավման դեպքում, որի արդյունքում էականորեն բարձրանում են կենսաթոշակները, աշխատավարձերը, վերացել, կամ՝ լավ համարյա վերացել է աղքատությունը։
2. Աշխատավարձերի բարձրացման մասին որոշումը կայացնում են ոչ թե իրենց համար, այլ հաջորդ՝ ընտրություններից հետո իշխանության եկող պաշտոնյաների համար»։