Բաժիններ՝

«Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ ճիշտ ապրել, չընկճվել, չկոտրվել, չտրտնջալ». Գայանե Փայտյան

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում շարունակում ենք զրուցել ամենատարբեր մարդկանց հետ՝ բացահայտելու նրանց պատկերացումներն ու ապրումները կյանքի, մարդկանց և իրենք իրենց մասին: Այս անգամ իր աշխարհից մեզ պատմել է լրագրող Գայանե Փայտյանը:

Երբ ես ծնվեցի, 7 տարվա սպասումից հետո հայրս հենց իր ծննդյան օրը ստացավ աշխարհի ամենացանկալի ու երազած նվերը։ Երբեմն կարոտում եմ մանկությունս, որովհետև մայրս ջահել էր, հայրս ողջ էր ու մեր ընտանիքն ամբողջական էր: Մեր ընտանիքում միշտ խաղաղ ու սիրուն էր: Հիմա փորձում եմ այդ խաղաղությունն ու սիրունությունը չխախտել իմ ընտանիքում։

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս, սեփական խելքին ու ուժին ապավինելն է, ուրիշի ստեղծածով ապրելն ու գոհանալը ճիշտ չէ։

Իմ մեծագույն ուսուցիչը ծնողներս են եղել։ Նրանք ինձ ապրել են սովորեցրել։ Լրագրությունն իմ ինքնարտահայտման ճանապարհն է, նպատակս ու գործս է, որին հավատարիմ եմ ու նվիրված:

Կյանքը լիարժեք է, երբ ամեն ինչ ներդաշնակ է։ Կյանքում ինձ ամեն լավ բան հիացմունք է պատճառում, ու դա բնական է. սիրում եմ կյանքը:

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ ճիշտ ապրել, չընկճվել, չկոտրվել, չտրտնջալ: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ բավականին ուժեղ մարդ եմ:

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է ստացածս դաստիարակությունը:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ լուռ խոսում եմ նրա հետ:

Քաղաքում կա մի եկեղեցի, որն ամենասիրելին է. իմ եկեղեցին Էջմիածնի Ս. Գայանեն է։ Պաշտում եմ։

Մարդկությունն այսօր կարիք ունի մաքրության:

Մարդը սկսում է մահանալ, երբ մեռնում են հետաքրքրություններն ու ձգտումները:

Եթե Քրիստոս նորից գա Աշխարհ, ես կհրաժարվեմ հավատալ, որ Նրան նորից կխաչեն:

Աստվածաշնչից ոչինչ ինձ համար չեմ առանձնացնում. այն ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ է ու վերջ:

Լիլիանա Օսիպյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս