Բաժիններ՝

Հայաստանում ինժեներական խումբն ուզում է ավտոբուս արտադրել, բայց Կառավարությունում նրանց լսող չկա

Հայկական ինժեներական խումբը ցանկանում է ավտոբուս արտադրել, որը կլինի ավելի մատչելի: Արտադրությունը նախատեսվում է հիմնել Տավուշի մարզում, քանի որ երկաթգիծն այնտեղով է անցնում, և ավտոբուսների պահեստամասեր ներկրելն ավելի հեշտ կլինի:

«9 ամիս է՝ խոսում ենք սրա մասին: Այդ ինժեներական խումբը մեծ փորձ ունի, «Երազ» (Երևանի ավտոմոբիլային գործարան) գործարանի ժամանակվանից այդ ոլորտում են, ուզում են, որ այստեղ էլ ավտոբուս արտադրվի: Հայկական մոդելի ավտոբուս, որն ավելի էժան կլիներ, որովհետև ներմուծելը շատ թանկ է: Դրսից 100.000 դոլարով են բերելու, իսկ այստեղ առաջարկում են 1/3 գնով՝ 30.000 դոլարով պատրաստել: ժողովուրդը մեղք է, փող չունի: Մեկ տարում կհասցնեինք ավտոբուսներն արտադրել: Սակայն Քաղաքապետարանը մտածում է՝ ներմուծի, թանկ գնի, քան մեր հայ արտադրողն արտադրի, գործարան բացի, աշխատատեղ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Մարդիկ կռիվ էի տալիս, որ իրենց ընդունեն Կառավարությունում, խոսեն ավտոբուս արտադրելու վերաբերյալ: Ավտոբուս, որի առկայության դեպքում մարդիկ կկարողանան 100 դրամով երթևեկել, բայց մեր իշխանությունները չընդունեցին, քաղաքապետը չընդունեց:

Բաքուն էլ տեսավ՝ մենք այստեղ կռիվ ենք անում, մեր միտքը գողացան. գնացին Գանձակում (Գյանջա) գործարան բացեցին: Բելառուսի, Ռուսաստանի հետ պայմանագրեր է կնքել, որ ավտոբուսի մասերը բերեն, հավաքեն: Բա ամոթ չի՞: Վրաստանում էլ նման արտադրամաս բացվեց»,- հավելեց Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ եթե արտադրամասը բացվեր, ապա հերթափոխով որ աշխատեին՝ մոտ 1000 հոգի մարդ գործ կունենար:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս