«Վարույթն իրականացնող մարմինը գույքը գնահատելու պարտականություն ունի, որպեսզի հասկանանք՝ գույքը բավարարո՞ւմ է կալանքի պայմաններին, բայց այն չի գնահատվել»

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը:

Նիստը սկսելուց քիչ անց այն հետաձգվեց։ Կողմերը նյութեր էին ներկայացրել դատարան, և դատավորին ժամանակ էր հարկավոր դրանց ծանոթանալու համար։ Հաջորդ նիստը կկայանա հունիսի 6-ին։

«Դրանք իրականում գույքային նույն միավորներն են՝ Իսակովի հասցեում գտնվող առանձնատունը և շրջակա հողակտորներ։ Երեք միավոր գույքը դա է։ Վարույթն իրականացնող մարմինը գույքը գնահատելու պարտականություն ունի, որպեսզի հասկանանք՝ գույքը բավարարո՞ւմ է կալանքի պայմաններին, բայց այն չի գնահատվել»,- դատական նիստից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա հավելեց նաև, որ կալանքը դրված է գույքի և դրամական միջոցների վրա, և այս պահին նրա միջոցներից հասանելի է միայն պետական թոշակը։

Գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է 2-րդ նախագահին մեղադրանք առաջադրելուց 4 օր հետո՝ հուլիսի 30-ին։

«Ես գտնում եմ, որ այստեղ պրոցեսը հնարավոր է շարունակել, որովհետև մենք այս պահին դատարանին չենք խնդրել պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել կամ որոշել՝ գույքի կալանքը պետք է մնա՞, թե՞ ոչ: Մենք խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումն ու Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը»,- նշեց Հովհաննես Խուդոյանը։

Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանի ողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված, փաստաբաններին ինչպե՞ս է վճարում, պաշտպանն ասաց.

«Դրա վերաբերյալ մենք քննիչին ներկայացրել ենք միջնորդություն։ Խոսքը ոչ թե Հայաստանում ներկայացվող փաստաբաններին էր վերաբերում, այլ երբ սկսեցինք Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնել, մենք ներգրավեցինք նաև օտարերկրացի փաստաբանների, այդ թվում՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Ինչպես նաև անհրաժեշտություն առաջացավ գործի նյութերի թարգմանված տարբերակները տալ նրանց։ Քննիչին միջնորդել ենք, որպեսզի գործի նյութերը թարգմանեն վարույթն իրականացնող մարմնի ուժերով։ Քննիչն այդ միջնորդությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ օրենքի մեջ պարտադիր պայմաններ չկան։ Միաժամանակ միջնորդել ենք նաև օրինական ճանաչված դրամական միջոցները ազատել կալանքից, որպեսզի պարոն Քոչարյանը հնարավորություն ունենա այդ ծախսերն ինքը հոգալ։

Բայց քննիչն այս միջնորդությունը մերժել է այն ստանդարտ պատճառաբանությամբ, որ առկա են հնարավոր քաղաքացիական հայց և հնարավոր դատական ծախսեր։ Ես այդպես էլ մինչև այսօր չպատկերացրի, թե սահմանադրական կարգի տապալման հանցակազմի շրջանակներում ինչ քաղաքացիական հայց կարող է լինել։ Դատախազը պատկերացնում է»։

Ինչ վերաբերում է տեղացի փաստաբաններին վճարելու խնդրին, Հ. Խուդոյանն ասաց, որ դա իրենց խնդիրն է, և իրենք այդտեղ խնդիր չեն տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս