ՀՀԿ-ն ցեղասպանության կանխարգելման պայքարը համարում է վերկուսակցական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակման ու ցեղասպանության կանխարգելման պայքարը վերկուսակցական է համարում: Այս մասին ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:
«Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, դա համազգային մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և ոչ միայն մեր պատմության, այլ մեր երկրի անվտանգության տեսանկյունից, որովհետև այս օրերին Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են, որ քանի դեռ Թուրքիան ինքը չի առերեսվել իր պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակում է մնալ մեր անվտանգության համակարգի անբաժան մասը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը մեր գերագույն խնդիրը համարում է Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչումը:
«Ներկա և նախկին իշխանություններ այս հարցում չկան: Այս հարցում կա միասնական հայ ժողովուրդ, և ժխտողականությունը մերժող ամբողջ աշխարհի ժողովուրդ: Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո»,- ասաց Բաղդասարյանը:
Վիգեն Սարգսյանը ցեղասպանության կանխարգելման պայքարում պարտավորվածություն է տեսնում աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ:
«Մենք այն երկիրն ու ժողովուրդն ենք, որը վերապրած լինելով ցեղասպանության հանցագործությունը, պետք է երբեք չդադարի պայքարել այդ հանցագործության կանխարգելման գործի համար: Մենք պարտավոր ենք դա անել աշխարհի այլ ժողովուրդների ու երկրների համար, որովհետև մեր օրերում մենք ականատես եղանք նոր ցեղասպանությունների: Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, որը պահանջում է կանխարգելում, և մենք պետք է լինենք այդ կանխարգելման դրոշակակիրը: Դա բուն անվտանգային խնդիր է, որը սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և այսօր սպառնում է աշխարհի շատ ժողովուրդներին»,- նշեց Սարգսյանը: