«Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմել են տասնյակ երիտասարդներ։ Այսօր կուսակցության գրասենյակում նրանց ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով։
«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Խոսքի ավարտին, երբ Սերժ Սարգսյանը դիմեց ներկաներին և հարցրեց, թե իրեն ի՞նչ հարց ունեն, երիտասարդ աղջիկներից մեկն ասաց.
«Վերադարձեք»:
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց շատ ասելիքներ չունի.
«Կունենամ այն ժամանակ երբ բոլոր դեպքերում մի ընդհանրական խոսք կասեմ ու կպատասխանեմ մեզնով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերին»,- շեշտեց Ս. Սարգսյանը։
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։
Հանդիպման ավարտին երիտասարդները նկարվեցին Սերժ Սարգսյանի հետ։
Երիտասարդներից մեկն էլ Սերժ Սարգսյանից խնդրեց սելֆի անել` նշելով, թե սա նոր սերնդի լուսանկար է, Սերժ Սարգսյանն էլ կատակեց. «Ես մի քիչ այս մոդայից հետ եմ ընկել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան