«Պետք է կայացնել քաղաքացու ինստիտուտը, և սրան ուղղել 124 մլն դրամ, կարծում եմ, արժի». Արարատ Միրզոյան
«ՀՀ-ում, հատկապես սոցիալական ոլորտում, միշտ կան բազմաթիվ խնդիրներ: Մենք կարող ենք որևէ ծրագիր չիրականացնել, մի քիչ ծայրահեղացնում եմ, եթե մինչև վերջին հյուղակի, վերջին անօթևանի հարցը չլուծվի, մինչև վերջին կարիքավորի հարցը չլուծվի: Բայց հասկանում ենք, որ սա հավերժ պրոցես է, և բոլոր երկրներում էլ կան հարցեր, որտեղ ավելի մեծ ուշադրություն կարելի է հատկացնել: Եվ մյուս կողմից գերի մնալ դրան ու ձեռնպահ մնալ այլ ծրագրերի իրականացումից, այդքան էլ խոհեմ չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Քաղաքացու օրվա համար 124 մլն դրամ հատկացնելու արդարացված լինել-չլինելը:
Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո առավել ցայտուն է դրսևորվում խնդիրը, որ հասարակության մեջ արժեհամակարգային խնդիրներ կան:
ԱԺ նախագահի կարծիքով՝ Քաղաքացու տոնը կոչված է նաև քաղաքացիական կրթության որոշակի դերակատարում ունենալուն.
«Ի վերջո, պետք է կայացնել քաղաքացու ինստիտուտը: Եվ սրան ուղղալ 124 մլն, կարծում եմ, արժի»:
Ա.Միրզոյանը նշեց, որ հեղափոխությունն, ի վերջո, քաղաքացու զարթոնք և քաղաքացու հաղթանակ էր, իսկ տարիներ շարունակ պետությունն ու մարդիկ կարծես առանձին էին ապրում, և երբ դա հաղթահարվեց ու քաղաքացիները հրաժարվեցին ապրել այդ խաղի կանոններով, ապա պետք է այդ գիտակցությունը հետագայում ամրապնդվի.
«Պետք է տոն անել, նաև սիմվոլիկ ձևով ճանապարհներ փակել»:
ՍԴ անդամի վերաբերյալ Ա.Միրզոյանը նշեց, որ ՀՀ նախագահից թեկնածություն դեռ չեն ստացել. «Ով կլինի, չգիտեմ: Նախագահին է պետք հարցն ուղղել»: