«Առաջին հարցազրույցը Սերժ Սարգսյանը տալու է անպայման և բացառապես հայկական լրատվամիջոցներին». Գառնիկ Իսագուլյան
Տևական ժամանակ է, որ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից մեկ տարի անց հրապարակային խոսքով է հանդես գալու, որում կպատասխանի հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի՝ սկսած «Նիկոլը ճիշտ էր, ես սխավեցի» արտահայտության մեկնաբանությունից՝ մինչև նոր իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը տրվող գնահատականներ։
Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել իրեն հայերի մեծ բարեկամ համարող ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, և այդ հարցազրույցը ապրիլի 23-ին եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Որոշ ժամանակ անց, սակայն, Սոլովյովը հերքեց այդ տեղեկատվությունը։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ով, հաճախ է հանդիպում Հանրապետության 3-րդ նախագահի հետ, հարց ուղղեցինք՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Սերժ Սարգսյանի՝ ռուսական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու մասին լուրերը, վերջինս պատասխանեց.
«Շատ լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ, եթե մեկ տարի ինքը որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել, ապա բացառվում է, որ առաջին հարցազրույցը տա ոչ հայկական մամուլի միջոցներին, լինի դա ռուսական, ֆրանսիական թե մեկ այլ երկրի լրատվամիջոց։ Դա բացառվում է։ Եվ եթե Սերժ Սարգսյանը երբևէ այս երկար լռությունից հետո պետք է հարցազրույց տա, ապա ես կարող եմ ուղղակի հանգստացնել մեր հայկական լրատվամիջոցներին՝ ասելով, որ առաջին հարցազրույցն անպայման լինելու է հայկական լրատվամիջոցներին կամ դրանցից որևէ մեկին»։
Նա շեշտեց նաև, որ կարող է վստահաբար ասել, որ, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար որևէ, ոչ միայն՝ ռուսական, այլ՝ ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի հարցազրույց տալ, ապա նրանք դա կանեին մեծ խանդավառությամբ։
168.am-ի հարցին, թե այս պահի դրությամբ ՀՀ երրորդ նախագահն արդյո՞ք որևէ հայկական լրատվամիջոցի արդեն իսկ հարցազրույց տվել է, Գառնիկ Իսագուլյանն ասաց.
«Ես կարող եմ ասել հետևյալը, որ հայկական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաև կենտրոնական, այո, դիմել են Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցազրույցների թեմայով։ Հատկապես կարող եմ ասել, որ պետական հեռուստաընկերություն կամ Հանրային ենք ասում, եթե չեմ սխալվում, դիմել են ու խնդրել, որպեսզի Հաղթանակի 25-ամյակի (Արցախյան պատերազմում տարած հաղթանակ.-Ա.Վ.) կապակցությամբ Սերժ Սարգսյանը հարցազրույց տա։ Սակայն այստեղ գուշակություններ անել պետք չէ, որովհետև Սերժ Սարգսյանը միշտ ասել է և ասում է և կասի, անկախ այն բանից, թե ով ոնց է մեկնաբանում, որ նման հարցազրույց ինքը կհամարի լիարժեք և կտա նման հարցազրույց, եթե հաղթանակի 25-ամյակի կապակցությամբ հարցազրույց տված լինեն կամ տան նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահները»։
Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ ի տարբերություն շատերի՝ Սերժ Սարգսյանը կարողանում է բոլորի գործունեությունը գնահատել, և ինքն այդ պարագայում հստակ ասել է, որ հարցազրույցը լիարժեք կարող է լինել միայն այն պահին, երբ այդ թեմայով հարցազրույցներ կտան նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
«Հավատացեք, սա ոչ պայման է, ոչ նախապայման։ Ուղղակի այդ մարդուն (Սերժ Սարգսյանին,- Ա.Վ.) պետք է լավ ճանաչել, որ ինքն այդ հարցերում շատ ուշադիր է բոլորի նկատմամբ և շատ լավ հասկանում է, որ, եթե այդ հաղթանակի հիմնական կերտողներից մեկն այսօր գտնվում է անազատության մեջ, և նա հարցազրույց չի տալիս Արցախյան պատերազմում տարած հաղթանակի 25-ամյակի կապակցությամբ, ու ինքը տա այդ հարցազրույցը, ես չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ընկալելի։ Համենայն դեպս, իր մարդկային հատկանիշներն իմանալով՝ ես վստահ եմ, այսինքն՝ եթե ավելի հստակ ասեմ, ես կարծում եմ, որ ինքն այդպես ուղղակի ասել է այն լրատվամիջոցներին, ովքեր իրեն դիմել են հարցազրույցի խնդրանքով»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։