Հայաստանցի տասը մանկավարժներ կմասնակցեն IPF-2019 միջազգային մանկավարժական ֆորումին
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ապրիլի 11-ին հանդիպել է IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած և նախնական փուլը հաղթահարած 18 մանկավարժների հետ: Հարցազրույցից հետո նրանցից 10-ը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ֆորումին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մանկավարժների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե նրանք ին՞չ մեթոդաբանությամբ են առաջնորդվում՝ սովորողներին մոտիվացնելու և մասնագիտական մի շարք հարցերում կողմնորոշվելու, այդ թվում՝ տաղանդավոր երեխաների հետ աշխատանքի կազմակերպման և ժամանակակից հմտությունների տիրապետման տեսանկյունից:
«Այս մրցույթի հիմնական նպատակն է հասկանալ, թե ուսուցիչն ինչպես պետք է բացահայտի տաղանդավոր երեխաներին, որոնք հետագայում իրենց ներդրումը կունենան պետության կյանքում: Ընտրված 10 մանկավարժները հնարավորություն կունենան ֆորումին ներկայացնելու մեր երկիրը՝ իրենց սեփական ստեղծարար փորձով, ինչպես նաև ծանոթանալ այլ երկրների կրթական լավագույն մեթոդներին՝ այնտեղից վերադառնալով նոր հմտություններով ու կարողություններով»,- նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ներկա բոլոր ուսուցիչներն արդեն հաղթող են, քանի որ ներկայացված շուրջ 70 հայտերից նրանք են անցել եզրափակիչ փուլ:
Հարցազրույցի ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, ստեղծարար մեթոդները և իրենց հաջողության բանաձևը: Նրանցից 10-ը կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 4-8-ը միաժամանակ 5 քաղաքներում՝ Վարշավա, Հելսինկի, Սինգապուր, Բեռլին և Վաշինգտոն: Ֆորումի բովանդակությունն առցանց հասանելի կլինի, և ֆորումին աննուղղակիորեն մասնակցություն կունենան նաև տասնյակ միլիոնավոր մանկավարժներ տարբեր երկներից: Ֆորումի ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան ուսումնասիրել կրթության միջազգային լավագույն փորձը, տիրապետել ժամանակակից դասընթացների կազմակերպման մեթոդներին և հմտություններին, ինչպես նաև ծանոթանալ կրթության և ուսուցման կազմակերպմանն առնչվող խնդիրներին: