Արտակ Զեյնալյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի հրահանգը
«Համաներման օրենքի քննարկման ժամանակ, այդ հարցը բարձրաձայնել ենք, և դա կանխատեսելի էր։ Յուրաքանչյուր համաներումից հետո ինչ-որ քանակությամբ անձինք՝ համաներման տակ հայտնված, կրկին վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ, դեռևս չկան դատավճիռներ, և մինչև վերջ սրանք հաստատված չեն։ Սակայն սա գիտությանը հայտնի է։ Համաներումը կիրառվել է՝ որպես մարդասիրական ակտ, արժևորելու Էրեբունի-Երևանի 2800-ամյակը և ՀՀ անկախության 100-ամյակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի այն հայտարարությանը, որ համաներմամբ ազատ արձակվածների որոշ մասը կրկին դիմել են հանցագործության և հայտնվել քրեակատարողական հիմնարկներում։
Միաժամանակ, Ա. Զեյնալյանի կարծիքով՝ այդ համաներումը շատ կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի համար։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ, կան ծրագրեր, որպեսզի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված անձինք ենթարկվեն սոցիալականացման, որպեսզի ունենան աշխատանք և չդիմեն հանցագործության։
Անդրադառնալով Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին, երբ վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց աշխատանքից ազատել մաքսատան աշխատակցին, Արտակ Զեյնալյանը նկատեց, եթե կա վեճ, ապա Արդարադատության նախարարը դրա վերաբերյալ չպետք է կարծիք հայտնի։
Զվարթ Խաչատրյան