Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանին այցելելու և տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից այսօր լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև, երբ ինքը փորձել է այցելել նրան քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ ըստ հավաստի լուրերի՝ Ռ. Քոչարյանը խցից դուրս է հրավիրել Արտակ Զեյնալյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը դժկամությամբ խոսեց այդ մասին՝ ասելով, թե ինքը մի քանի անգամ պատասխանել է այդ հարցին:

Դիտարկմանը, թե բոլոր անդարդարձներում այդպես էլ սպառիչ պատասխան չի տվել, նա ասաց. «Ես Արդարադատության նախարարն եմ և իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատարողական հիմնարկները, և ես պատասխանատու եմ այդ ոլորտում քաղաքականության և նաև պահման պայմանների համար:

Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց և տեսնել խցի պայմանները, յուրաքանչյուրի պահման պայմանները:

Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում նրա հետ:

Եվ պետք է հարգել այդ անձի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել:

Մենք կարող ենք ներկայացնել վկաներ՝ մեր տեսակետները հայտնելու համար: Հետևաբար՝ մենք սրա վերաբերյալ փաստ և տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաև մարդու իրավունքները»:

Հիշեցնենք, որ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ իսկապես Ռ. Քոչարյանին կալանավայրում իր շքախմբով այցելել է նախարար Ա. Զեյնալյանը։ Քոչարյանը, նրանց տեսնելով, հարցրել է՝ արդյոք իր մոտ այցելելու հրավեր ստացե՞լ են, պայմանավորվածություն ունե՞ն, որ եկել են։ Զեյնալյանը պատասխանել է՝ ոչ։ Քոչարյանը նրան դուրս է հրավիրել. «Ուրեմն դուռը փակեք»։

Տեսանյութեր

Լրահոս