«ֆեյքերով» զբաղվելը ԱԱԾ գործառույթ չէ. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարականին՝ ասելով, որ «ֆեյքերով» զբաղվելը ԱԱԾ գործառույթ չէ։
Նրա գնահատմամբ՝ ԱԱԾ-ի գործառույթը կլինի այն, եթե օրինակ՝ թշնամին խոցի մեդիադաշտ մեդիամանիպուլյացիայով եւ կարողանա ազդել հասարակության կարծիքի վրա:
Մարուքյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով իրենց վրա աղբ է լցվում «ֆեյքերով», կան նաեւ իրական օգտատերեր, բայց խնդրի լուծումը, ըստ նրա, հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն է։ «Դա մեդիագրագիտության հարց է, որ մարդիկ տեսնեն՝ ո՞ր կայքը ինչ է ներկայացնում իրենից, կարելի՞ է հավատալ դրան, թե՝ ոչ: Կան եւ՛ ֆեյքեր, եւ՛ իրական օգտատերեր, որոնք ամենօրյա ռեժիմով մեզ վրա աղբ են լցնում: Վատ է, որ ԱԱԾ-ն է զբաղվելու դրանով, որովհետեւ դա ԱԱԾ-ի գործառույթը չէ»,- ասաց նա:
Նա նշեց նաեւ, որ մարդիկ Հայաստանում «կանտորաներ» են պահում, որ իրենց գովեն, կամ իրենց հակառակորդներին մեդիա դաշտում ոչնչացնեն: