Միզաքարային հիվանդություն
Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) օրգանիզմում նյութերի փոխանակության գործընթացի խախտման արդյունք է։
Հիվանդության նախնական փուլում մեզի մեջ մեծանում է աղերի պարունակությունը, որոնք ժամանակի ընթացքում ծառայում են որպես «շինանյութ»` երիկամներում, միզածորանում եւ միզապարկում առաջացող ավազի եւ քարերի համար։ Քարերը տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ եւ կառուցվածքով` լինում են տարբեր չափերի, հարթ կամ մարջանակերպ մակերեսով։ Քանի դեռ քարը գտնվում է կազմավորման փուլում, այն զգացնել չի տալիս իր գոյության մասին։ Երիկամներում, մեջքի հատվածում եւ որովայնի կողային մասերում առաջացող սուր ցավերը ազդարարում են այն մասին, որ քարերը սկսել են շարժվել։
Քարերը բաժանվում են երեք հիմնական խմբերի` ուրատներ, օքսալատներ եւ ֆոսֆատներ, որոնք մեզի, թրթնջուկի եւ ֆոսֆորի թթուների չլուծվող աղեր են։ Կան նաեւ խառը բաղադրություն ունեցող քարեր։
ՄՔՀ-ի պատճառ կարող են հանդիսանալ միզուղիների ինֆեկցիան, էնդոկրին համակարգի գործունեության խախտումները, ոչ ճիշտ սննդակարգը, սակայն առաջացման ստույգ պատճառը դեռեւս հայտնի չէ։ Ժամանակակից բժշկությունը չի կարողանում առաջարկել քարերի առաջացումը կանխարգելող դեղորայք, այլ ընդամենը խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է ազատվել արդեն առաջացած քարերից։ Ցավոք, հաճախ խնդիրը լուծվում է վիրահատական միջամտությամբ։
Բժշկությունը մեծ դեր է հատկացնում ճիշտ սննդակարգին եւ ջրի որակին։ Ջուրը պետք է հնարավորինս քիչ աղեր եւ առողջությանը վնասող այլ բաղադրիչներ պարունակի։
Հայտնի է, որ ուրատային քարերի առաջացմանը նպաստում է` թթվային, իսկ ֆոսֆատայինի առաջացմանը` ալկալային միջավայրը։ Օքսալատային քարերի «տեր» են դառնում թրթնջկաթթու պարունակող սննդամթերքը չարաշահող անձինք։
ՄՔՀ կանխարգելմանն ուղղված միջոցները հետեւյալն են` երիկամների եւ միզուղիների մաքրում եւ ճիշտ սննդակարգ։
Նախորդ համարում (տես «168 Ժամ», 31.06.2012թ.) գրել ենք, թե որ մթերքներն են օգտակար ուրատային քարերի աճը կանխարգելելու համար։ Այս տեսակի քարերն առաջացնող բյուրեղիկների կուտակումը օրգանիզմի մեջ դառնում է հոդատապի պատճառ։
Ֆոսֆատային քարերի առաջացումը կանխարգելող սննդակարգը պետք է հիմնված լինի թթվային հիմքով սննդամթերքի վրա։ Այսինքն` ուրատային եւ ֆոսֆատային բնույթի ՄՔՀ-ների սննդակարգերը տրամագծորեն տարբեր են։
Առավել վտանգավոր են օքսալատային քարերը, քանի որ դրանց եզրերը ածելու պես սուր են, ոչ ճիշտ դեղորայքային բուժման հետեւանքով այդ քարերը դառնում են մարջանանման։
Օքսալատային քարերը կարող են առաջանալ մեզի թե թթվային եւ թե հիմնային ռեակցիայի դեպքում, եթե խախտված է C վիտամինի փոխանակման գործընթացը։
Ֆոսֆատային քարեր.
Հակացուցված են` կալցիումով հարուստ մթերքները։
– Պտուղ-բանջարեղենով եւ կաթով պատրաստված արգանակները։
– Կաթը, մածունը, կաթնաշոռը, պանիրը։
– Կաթ պարունակող քաղցրեղենը, հացաբուլկեղենը։
– Մրգի, բանջարեղենի, հատապտուղների հյութերը։
– Աղի եւ ապխտած ձկնեղենը։
– Կարտոֆիլը, աղցանները, պահածոյացված բանջարեղենը։
Խորհուրդ է տրվում.
– Ձավարեղեն, միս, թռչնի միս, ձկնեղեն` այդ թվում պահածոյացված, մինչեւ 50 գ թթվասեր, մեկ ձվի սպիտակուց, կանաչ ոլոռ, լոբեղեն, դդում, սունկ, ձկնկիթ, շաքար, մեղր, մրգային պաղպաղակ, ոչ թունդ թեյ եւ սեւ սուրճ` առանց կաթի, ոչ մեծ քանակությամբ համեմունքներ, աղ` ըստ պահանջի, կարագ եւ բուսայուղ։
– Օգտակար են` թթու խնձորը, լոռամրգին, հապալասը, մասուրը եւ դրանցից պատրաստված կոմպոտը, դոնդողը, կիսելը, եփուկները։
Նշված սննդակարգը միանշանակ հակասում է առողջ ապրելակերպի ընդունված նորմերին։ Սննդակարգը պարտադիր պետք է կազմվի բժշկի կողմից, եւ այն կարելի է փոփոխել միմիայն քարերի հեռացումից եւ միզուղիները մաքրելուց հետո։
Օքսալատային քարեր։ Հաճախ են հանդիպում երեխաների մոտ։ Հակացուցված են թրթնջկաթթվով հարուստ ավելուկը, սպանախը, մաղադանոսը, խավրծիլը, սոխը, կակաոն, շոկոլադը։ Խորհուրդ են տրվում բադրիջան, դդում, ոլոռ, վարունգ, գունավոր կաղամբ, խնձոր, տանձ, հոն, շլոր, խաղող, սերկեւիլ` բոլոր այն մթերքները, որոնք հարուստ են մագնիումով եւ B6 վիտամինով (պիրիդոքսին)։
Գիտնականները գտել են օքսալատների առաջացման գաղտնիքը։ Խնդիրը նրանում է, որ սննդի յուրացման արդյունքում առաջացող թրթնջկաթթվի լուծման եւ դուրսբերման համար կարեւոր դեր է կատարում պիրիդոքսինը։ Եթե այն սակավ քանակությամբ է օրգանիզմում, ապա թրթնջկաթթուն միացություններ է կազմում կալցիումի հետ եւ կուտակվում ավազի եւ քարերի տեսքով։
Հարվարդի համալսարանում գտել են օքսալատների առաջացումը կանխարգելող մի եղանակ, որի օգնությամբ բուժվել է հիվանդների 79 տոկոսը։ Նշանակվել է 300 մգ մագնիում եւ 10 մգ պիրիդոքսին, որի շնորհիվ կանխվել է թրթնջկաթթվի առաջացումը մեզի մեջ։ Այս բուժումը բացարձակ անվտանգ է եւ էժան։
B խմբի վիտամինների պարունակությունը մեծ է խմորիչում (դրոժ), տավարի լյարդում, ցորենի ածիկում, թեփում, անմշակ հատիկում եւ դրանից պատրաստված ալյուրում, հավի մսում, ձկնեղենում, հնդկացորենում, ձվի դեղնուցում, չորացրած կանաչ լոբիում, գազարում, կաղամբում, խոզի մսում։ Առանձին խնդիր է, թե ինչպես պահպանել պիրիդոքսինը սննդամթերքում։ Օրինակ, սպիտակ ալյուրի մեջ պահպանվում է ցորենի մեջ գտնվող B6-ի ընդամենը 20 տոկոսը, եփելուց հետո բրնձում մնում է B6 վիտամինի ընդամենը 10 տոկոսը։ Պիրիդոքսինով հարուստ է կարտոֆիլը, այն պետք է եփել կլեպով եւ օգտագործել նաեւ եփուկը, կամ փաթաթել ալյումինե թիթեղի մեջ եւ խորովել։
Մագնիումով եւ պիրիդոքսինով հարուստ են նուշը, ընկույզը, բանանը, մուգ կանաչ բանջարեղենը։
ՄՔՀ-ն նպաստում է վարակի տարածմանը միզուղիներում եւ միզապարկում։
Այդ դեպքում շատ օգտակար է լոռամրգի հյութը, որն ուժեղացնում է հակամանրէ դեղորայքի ազդեցությունը։
Առավել տարածված են օքսալատային քարերը, որոնց առաջացումը կանխարգելող լավագույն նյութը կիտրոնն է։ Կիտրոնի թթու են պարունակում նաեւ այլ ցիտրուսներ։
– 100 մլ կիտրոնի հյութը (2 կիտրոնից քամված) լուծեք 2 լ զտված ջրի մեջ, խմեք մեկ օրվա ընթացքում։ Հակացուցված է ստամոքսի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Օգտակար է նաեւ հոդատապով հիվանդներին։ Ի դեպ` կեղեւը նույնպես զգալի քանակությամբ թթու է պարունակում։
Կան մթերքներ եւ բույսեր, որոնք ի զորու են կանխարգելել քարերի աճը եւ նույնիսկ տարրալուծել դրանք, ընդ որում, ժողովրդական բժշկությունը հաճախ չի կարեւորում, թե ինչ բնույթ ունեն քարերը։ Այդ մթերքների թվին են պատկանում թարմ սոխը եւ սխտորը, գետնամորին, սեւ բողկի խառնուրդը մեղրի կամ շաքարի հետ, կաթում եփած սեխի սերմը, ձմերուկը (2-3 կգ), բրինձը, սեւ հաղարջը։ Տարրալուծող հատկություն ունեն կծոխուրի, մասուրի եւ արոսի պտուղների, խատուտիկի, արեւածաղկի եւ խնկեղեգի արմատների, եգիպտացորենի մազմզուկների, ձիաձետի, մատիտեղ թռչնի եւ սրոհունդի խոտերի եփուկները եւ թուրմերը, եղեւինի յուղը (պիխտա), քարավուզը, սամիթը, հոռոմ-սամիթը։
Երիկամների քարերը տարրալուծող.
– 2 ճ/գ բալի պտղակոթը գիշերվա ընթացքում թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք խմելուց առաջ, խմեք գոլ կամ հով վիճակում` օրվա ընթացքում։ Անվտանգ, ցավ չպատճառող միջոց է, ունի հաճելի համ։
– Խառնեք 1-ական ճ/գ մաղադանոսի մանրացրած արմատ եւ բալի պտղակոթ, կես ճ/գ ելակի պտղակոթ, ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։
– 2ճ/գ մասուրի մանր կտրատած արմատը 10 րոպե եփեք 500 մլ եռջրում, 2 ժամ թրմեք։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 10-15 օր։
– Մանրացրեք 1 կգ թարմ մաղադանոս (արմատի հետ) եւ 500 գ քարավուզի արմատ, ավելացրեք 1 լ ջուր, եփեք թույլ կրակի վրա, մինչեւ եռալը, հաճախակի խառնեք փայտե գդալով։ Եռալուց 10 րոպե հետո անջատեք կրակը, թրմեք մինչեւ գոլանալը (40-45 C), ավելացրեք 1 կգ մեղր, կրկին խառնեք` մինչեւ լուծվելը։ Լուծույթը թրմեք 3 օր, ավելացրեք եւս 1 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի եւ քամեք գոլ վիճակում։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
– Զտեք սեւ հաղարջենու թարմ հատապտղի հյութը, խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Կամ`
– Աղացեք տերեւը, զտեք հյութը եւ խմեք նույն չափաբաժնով։ Կարելի է խառնել հատապտղի եւ տերեւի հյութերը կամ նշված չափաբաժնին ավելացնել 1-2 թ/գ մեղր եւ 100 մլ ջուր կամ կաթ (հոդատապի դեպքում)։
– Խմեք 50-ական մլ գետնամորու թարմ հյութ, օրը 2-3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
– 1ճ/գ դաղձի տերեւը թրմեք 100 մլ եռջրում` մինչեւ գոլանալը։ Խառնեք 600 մլ թարմ չիչխանից զտված հյութը 200 մլ եռջրի հետ։ Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 50 – մեղր եւ դաղձի թուրմը (գոլ վիճակում)։ Խմեք օրը 100 մլ, պահեք սառնարանում։ Հակացուցված է ստամոքահյութի բարձր թվայնության, հոդատապի դեպքում։
– Քամեք նոր հասունացած գազարի հյութը, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, շարունակեք 2 ամիս։
– Դդումի հյութը կարելի է խմել ողջ ձմեռվա ընթացքում, մեկ օրվա չափաբաժինը 50 մլ է։
– Խմեք 100-ական մլ հապալասենի մրտենականի հատապտղի թարմ հյութը` օրը 3-4 անգամ։
– Խառնեք գազարի, բազուկի, վարունգի թարմ զտված հյութերը (2։1։1), խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։
– Խառնեք գազարի, քարավուզի, մաղադանոսի թարմ հյութերը (9։5։2), խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։ Շարունակեք 10-15 օր։
Ցավեր միզապարկում.
– 2 ճ/գ թարմ սամիթը թրմեք 500 մլ եռջրում` մինչեւ հովանալը։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
– Խառնեք 1-ական թ/գ երիցուկի ծաղիկ, պատրինջի եւ սրոհունդի խոտերը, ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։
– Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ չորացրած լորենու ծաղիկ, կաղնու կեղեւ, արջախաղողի տերեւ, հումքի 1 ճ/գ-ն 15 րոպե եփեք 200 մլ եռջրում` ջրային բաղնիքի վրա, թրմեք 30 րոպե։ Քամեք։ Խմեք երեկոյան սնվելուց հետո։
– Խառնեք 1-ական ճ/գ փրփրուկ տափաստանայինի եւ եղինջի տերեւները, սրոհունդի խոտը, միզապարկի բորբոքման սրացման դեպքում թրմեք եռջրում (1։20)` մինչեւ հովանալը։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Օրգանիզմը մաքրող.
– 1 ճ/գ վուշի սերմը 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում։ Ավելացրեք տաք ջուր (1։1), խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ։
– Մեկ ճ/գ մատիտեղ թռչնի մանրացրած չոր արմատին ավելացրեք 200 մլ եռջուր, կես ժամ եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 4 շաբաթ։
– Կանոնավոր խմեք տանձի չրից պատրաստված ջրային թուրմ (1։10)։ Կանխարգելում է ավազի առաջացումը երիկամներում եւ միզապարկում, օգտակար է բորբոքումների դեպքում։