Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Արման Թաթոյանի հանդիպումից հետո
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։
Քոչարյանը պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց չունենալու, ամբողջ գույքի, այդ թվում կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը։
«Ընտանիքի հետ կապի հետ կապված` Հատուկ քննչական ծառայություններից տեղեկություն է ստացվել դրական զարգացման մասին առ այն, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է»,- նշված է զեկույցում։
Ըստ այդ զեկույցի` արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի։
ՄԻՊ–ի միջամտությունից հետո Քոչարյանին նաև համակարգիչ է տրամադրվել, որը համացանցի հասանելիություն չունի։
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։