Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի մշակումն ընթացքի մեջ է
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրման ընթացքը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպումը վարեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի տարբեր տարածաշրջաններից Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք:
Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ ուժերով քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում գտնվող պիլոտային ծրագիրը, որն առնչվում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսությունը իրավական դաշտ տեղափոխելուն: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք զբաղվում եք ձկնորսությամբ, մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որպեսզի ,«Սեւանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան բաժնի վերամշակման հարցում ներառենք նաեւ ձեր կարծիքներն ու առաջարկությունները, որի արդյունքում պետք է ունենանք շատ արդյունավետ փաստաթուղթ»,- ձկնորսությամբ զբաղվողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Օրենքի համապատասխան ոլորտի վերամշակման հարցում ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն իրավական տեսանկյունից: Ուստի մենք որոշեցինք այդ աշխատանքների ընթացքում լսել նաև ձեր կարծիքը, որպեսզի այդ փաստաթուղթը իրավական տեսանկյունից ունենա ամուր եւ կայուն հիմքեր: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դիտարկենք բոլոր մանրուքներն ու ոլորտում առկա առանձնահատկությունները: Այստեղ շտապողականությունը կարող է բերել անցանկալի հետեւանքների» ,- նշեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը:
Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք խնդրեցին պետական մարմինների ներկայացուցիչներին՝ հնարավորինս արագացնել արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրումը, որպեսզի մի կողմից պետությունը շահի, իսկ մյուս կողմից իրենք իրավական դաշտում գործելու հնարավորություն ունենան:«Մենք ավելի մտահոգված ենք ձկնորսության կանոնակարգմամբ ու այն ծանր իրավիճակով, որ առկա է այս ոլորտում: Այդ ձուկը, որ որսվում է հիմա առանց կանոնակարգման ու անօրինական դաշտում, մեր վաղվա պաշարն է, որը պիտի թե՛ մեր ազգին կերակրի, թե՛ ձկնորսներիս համար մնա ապրուստի միջոց: Եթե դուք մեզ տալիս եք արտոնագիր ու որսված ձկան արտահանման հնարավորություն, ապա մենք ձեզ հետ միատեղ լուծում ենք երկու կարեւոր խնդիր՝ սիգի ձվադրության շրջանում բացառում ենք որեւէ ձկնորսի մուտքը դեպի լիճ, իսկ առհասարակ կանխում ենք սիգի մանրաձկան որսը: Այդ դեպքում մենք կունենանք սիգի բնական ու կայուն վերարտադրություն, ձկան առատ պաշարներ»,-նշեցին ձկնորսները:
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը ներկայացրեց արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանման հետ կապված պիլոտային ծրագրի մշակման ընթացքը, առաջիկա անհրաժեշտ անելիքները:
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանա լճում ավելի քան 90 տոկոսով առկա են միայն սիգի պաշարներ: Բայց մենք պետք է մտածենք նաեւ կարասի եւ խեցգետնի, ինչպես նաեւ իշխանի որսի արտոնման մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են բազմանալ ու հասնել արդյունագործական քանակի: Մենք պետք է համատեղ քննարկենք օգտագործվող որսի ցանցերի տեսակների ու չափսերի, լողամիջոցների հաշվառման հետ կապված խնդիրները, բազմաթիվ այլ կարեւոր հարցեր, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա նոր կանոնակարգում»,-նշեց Կարեն Ճենտերեճյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գնել Սանոսյանը եւ փոխնախարար Այսեր Ղազարյանը հավաստիացրին, որ նման ձեւաչափով քննարկումներ առաջիկայում եւս կհրավիրվեն, մինչեւ որ ուժի մեջ կմտնի Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը:
«Շուրջ 18 տարի այս ոլորտը գտնվել է չկանոնակարգված վիճակում, եւ իրավիճակի շտկումը մեզնից որոշակի ժամանակ է պահանջում: Այս կարգի քննարկումները, համոզված ենք, կբերեն ցանկալի արդյունքների: Ամենադրականն այն է, որ խնդրի կարգավորմամբ շահագրգռված են թե՛ պետությունը, թե՛ ձկնորսները: Կարվի հնարավորը, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը դրվի գործողության մեջ, որից հետո մենք այս ոլորտում կգնանք երկարաժամկետ ու արդյունավետ կառավարման, ու այլեւս խոսք չի կարող լինել ապօրինի ձկնորսության մասին»,-նշեց նախարարի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան