«Դուք նախագիծ եք ներկայացրել, մենք հանրապետության նախագահի՞ց մեկնաբանություն խնդրենք». Սերգեյ Բագրատյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը մասնավորապես վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու կարգին։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանին՝ նշելով, Վահե Գրիգորյանը, որը վեցերորդ գումարման Ազգային ժողովում առաջադրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն չէր ընտրվել, այժմ կարո՞ղ էր առաջադրվել որպես թեկնածու, եթե, օրինակ, չլիներ  Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը. «Խնդրում եմ՝ ասեք հա կամ չէ»։

Պատասխանելով հարցին՝ Վլադիմիր Վարդանյանը նկատեց.

«Պարոն Բագրատյան, ես հարցաքննության չեմ և պատասխանում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Պատասխանում եմ հետևյալ կերպ՝ կխնդրեմ  համապատասխան հարցումն ուղարկեք ՀՀ նախագահին, նա է առաջադրել այդ թեկնածուին, երկու թեկնածուին էլ նա է առաջադրել։ Ես պատրաստ եմ պատասխանել, բայց Պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից ելնելով, Վլադիմիր Վարդանյանի կարգավիճակից ելնելով և նրա ձայնով։ Չեմ կարող պատասխանել ՀՀ նախագահի փոխարեն»։

Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանը նշեց. «Դուք նախագիծ եք ներկայացրել, մենք հանրապետության նախագահի՞ց մեկնաբանություն խնդրենք, լավ, անուններ չենք տալիս, հարցս այսպես ձևակերպեմ՝ իքս մարդը, օրինակ՝ «միստեր իքսը» կարո՞ղ է առաջադրվել, թե՞ ոչ»։

Հարցին ի պատասխան, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Եթե «միստեր իքսը» բավարարում է ՍԴ դատավորի սահմանած պահանջներին, ապա համապատասխան սուբյեկտը կարող է նրան առաջադրել»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս