Բաժիններ՝

«Քաղաքային տնտեսություն վարելը միայն պոպուլիստական հայտարարություններ անելով չէ՝ «հես ա՝ էս կանենք, հես ա՝ էն կանենք»». Դավթաշենի նախկին ղեկավարը՝ քաղաքապետի հայտարարության մասին

Մարտի 19-ին Երևանի ավագանու հերթական նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի  մի մասը չի պատկանում Երևան համայնքին, դրանք վաճառվել են և այսօր պատկանում են ինչ-որ մարդկանց։  Քաղաքապետը նաև ասել էր, որ հարցի հետ կապված նյութեր են պատրաստվել և փոխանցվել քննչական մարմիններին։

Հայկ Մարությանի այս հայտարարությունից հետո առաջինն արձագանքեց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։ Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը, այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ»։

168.am-ի հետ զրույցում Ռուսլան Բաղդասարյանն անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը՝ նշեց, որ թաղապետարանի շենքի մի հատվածը վաղուց է վաճառվել՝ իր թաղապետ դառնալուց առաջ, և ճիշտ են արել, որ վաճառել են։

«Այն պայմաններով, որ վաճառքն իրականացվել է, որպես պետություն՝ միայն կարելի է երազել նման գործարքի համար։ Քաղաքային տնտեսություն վարելը միայն պոպուլիստական հայտարարություններ անելով չէ՝ «հես ա՝ էս կանենք, հես ա՝ էն կանենք»։

Քաղաքային տնտեսությունը շատ ավելի բարդ կառավարում է պահանջում։ Դեռ 10-11 տարի առաջ, երբ տարածքը վաճառվել է, տեղյակ եմ, որ շենքի մնացած պետական հատվածը չի ունեցել պատուհան, ջեռուցում, տաքացվել է էլեկտրական սալիկներով։

Բացի այն միջոցներից, որոնք ստացել են վաճառքից և փոխանցել բյուջե, գնորդը նաև պարտավորվել է իր անձնական միջոցներով շենքի պետական հատվածը վերանորոգել։ Դրանից հետո տարիներ շարունակ վաճառված տարածքն օգտագործվել է վարչական շրջանի կողմից, հիմա այդ գործարքը լա՞վ է եղել, թե՞ վատ»,- ասաց Ռ. Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ 7 տարի ղեկավարել է Դավթաշեն վարչական շրջանը, և ոչ մի օր տարածքի սեփականատերը չի ասել, որ դուրս գան իր տարածքից։ Ավելին, տարածքը վարձակալելու  կամ այլ նպատակների համար բյուջեից նույնիսկ մեկ դրամ դուրս չի գրվել։ Բանավոր պայմանավորվածության արդյունքում թաղապետարանն անհատույց տարածքն օգտագործել է 10 տարի՝ վաճառքից հետո։

«Այն ժամանակ տարածքի վաճառքն իրականացրել է թաղային համայնքի ավագանին։ Այսօր դեռ 2500-3000 քմ տարածք համայնքային սեփականություն է, իմ ղեկավարման տարիներին փորձել եմ նորմալ գնորդ գտնել, որպեսզի այդ հատվածը վաճառվեր, քանի որ դա համայնքի համար շռայլություն էր՝ այն դեպքում, երբ թաղապետարանին անհրաժեշտ է 1200-1500 քմ տարածք։ Նախկին մանկապարտեզում նույնիսկ, ժողովրդի լեզվով ասած՝ ձեռքս չի գնացել վերանորոգման համար բյուջեից փող հատկացնեմ, ասել եմ՝ ավելի լավ է՝ գումարը մնա բյուջեում, այդ տարածքը վաճառեմ, և նոր, ավելի կոմպակտ շենք կառուցվի»,- շեշտեց Ռուսլան Բաղդասարյանը։

Որպես օրինակ՝ Ռուսլան Բաղդասարյանը բերեց հայաստանյան որոշ բանկերի օրինակը, որոնք բիզնես շահերից ու հաշվարկներից ելնելով՝ վաճառում են սեփական գույքը և նույն տարածքը վարձակալում։

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը Երևանի քաղաքապետի մոտեցումները որակեց հետևյալ կերպ.

«Նա իր անճարակությունից, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, ըստ օդում կախված լուրերի, նա երկու անգամ փորձել է քաղաքապետի պաշտոնից ազատման դիմում գրել, հիմա ինքնահաստատման պրոցեսի մեջ է ընկել, չի կարողանում գործ անել, այդ պատճառով էլ նախկին իշխանությունների արած գործերը՝ լավ թե վատ, ցանկանում է  հանրությանը մատուցել, իբրև թե բացահայտում է արել։ Բայց ոչինչ չկա, մեկ բաժակ ջրում փոթորիկ։ Սա ինքնահաստատման անհաջող փորձ է։

Ինչպես Օպերայի հարակից տարածքի սրճարանները քանդեց՝ փորձելով ինքնահաստատվել, բայց չստացվեց, նույնն էլ այս դեպքում է. պետք է մի բան ասի, որ հանրությունը գոչի՝ «բռավո»։ Լսե՞լ եք՝ քաղաքապետը հարցազրույց տա և չհիշի նախկին իշխանություններին, արդեն 6 ամիս է՝ ինքն է, ի՞նչ է արել, միայն խոսում են քաղաքացիների կոնսենսուսով տանիքների վաճառքից, ընդհանրապես քաղաքացիների հետ շփված կա՞ն, որ հիմա էլ նրանց կոնսենսուսից են խոսում, նույն այդ հարցով քաղաքապետը քանի քաղաքացու հետ է խոսել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ռուսլան Բաղդասարյանը Դավիթաշեն վարչական շրջանը ղեկավարել է 7 տարի՝ 2012 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հոկտեմբեր, երբ հայտարարեց հրաժարականի մասին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս