Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. արտահոսել է 1տ բենզին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 15-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1 կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-52» մակնիշի բենզատարը՝ բարձված 2.4 տ բենզինով, կողաշրջվել է երթևեկելի հատվածում. արտահոսել է մոտ 1 տ բենզին: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան: