Ինչ խնդիրներ կարող են առաջանալ քնի խանգարումների հետևանքով. մասնագետներ
Հայաստանում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի կատարած հետազոտության արդյունքների համաձայն` քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում հետազոտության արդյունքները ներկայացնելիս «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշեց, որ հարցմանը մասնակցածների 52 տոկոսն ունի քնի խանգարում: Քնի տարբեր խանգարումներ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ, քան տղամարդկանց:
Հարցման արդյունքների համաձայն՝ քնի խանգարումներ ունեցող անձանց 7.4 տոկոսն օգտագործում է ալկոհոլ, 19.5 տոկոսը՝ ծխախոտ, 66 տոկոսը կոֆեին, 61.5 տոկոսը սնվում է ուշ: Ղեկին քնելու խնդրին առնչվել է հարցվածների 15.7 տոկոսը: Ընդհանուր առմամբ, տարածված խնդիրներից է անքնությունը, խռմփոցը, շնչադադարը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի պարալիզը, լուսնոտությունը և այլն:
«Քնի խանգարումների հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ: Օրինակ` սրտանոթային խնդիրներ, հակվածություն դեպի բարձր զարկերակային ճնշում, շեղվում է նյութափոխանակությունը: Դա կարող է բերել ճարպակալման, գիրացման: Չմոռանանք նյարդահոգեբանական պահը, անքնության հետևանքով մարդը կարող է դառնալ նյարդային, տագնապային: Հիշողությունն է տուժում, անձն ունենում է վատ կենտրոնացվածություն»,-ասաց Սամսոն Խաչատրյանը:
Նյարդաբան Լուսինե Վարդանյանը նշեց, որ շատ կարևոր է քնի հիգիենայի պահպանումը:
«Առաջին հերթին խորհուրդ է տրվում ֆիքսել քնի ժամը, կոնկրետ ժամի քնել և կոնկրետ ժամի արթնանալ: Քնի տևողությունը մեծահասակների պարագայում պետք է լինի գոնե 7 ժամ: Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին խմել ակտիվացնող, էներգետիկ միջոցներ, կլինի թեյ կամ սուրճ, կոֆեին պարունակող ըմպելիք: Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին մեծ քանակությամբ առատ սնվել: Չի թույլատրվում անկողնու մեջ հեռուստացույց դիտել, հեռախոսով, սմարթֆոններով զբաղվել»,-ասաց Լուսինե Վարդանյանը:
Հետազոտությունն անցկացվել է հանրապետության 4 բնակավայրում՝ Երևան, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր 1001 քաղաքացի: Հարցումն անց է կացվել հարցարանի միջոցով կամավոր հարցազրուցավարի մասնակցությամբ: Հարցումը ներառում է բոլոր հիմնական քնի խանգարումների վերաբերյալ կետեր՝ կապված քնելու ժամերի, խռմփոցի, ցերեկային քնկոտության, քնի վարքային երևույթների հետ: