Հայկական դիվանագիտությունը` չհիմնավորված վախերի պատանդ

«Եթե հաշվի առնենք Ռուսաստանից եկող ուղերձները, ապա Հայաստանը շատ ավելի հստակ և կոշտ պետք է արտահայտվեր սիրիական խնդրի կապակցությամբ` կոնկրետ դեմ արտահայտվելով տեղի ունեցող իրադարձություններին: Համենայն դեպս, օրերս ռուս հեղինակավոր փորձագետներ նման ուղերձներ բերել էին Հայաստան»,- ի պատասխան 168.am-ի հարցի` Հայաստանի զգուշավոր դիրքորոշումը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ կարո±ղ է պայմանավորված լինել հայ-իրանական հարաբերություններով ու Ռուսաստանի գործոնով, ասաց  քաղաքագետ,  «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը: «Սակայն ես կարծում եմ` ցավոք սրտի, Հայոց քաղաքականությունը և, առաջին հերթին, Հայաստանի պետական քաղաքականությունն ուղղակի այդպես էլ չկայացավ` մնալով չհիմնավորված վախերի պատանդը`«չանել մի բան, քանի որ դա կարող է որևէ մեկին դուր չգալ»: Այս ֆենոմենը, այս սինդրոմը կարող եք նկատել ամենատարբեր գործընթացների մեջ: Կարծում եմ, որ մենք ավելի շատ տուժում ենք այդ սինդրոմից, քան թե որևէ մեկը հանձնարարում է մեզ ոչինչ չխոսել: Ես առիթ ունեցել եմ նաև գրավոր անդրադառնալու այդ խնդրին: Երբ ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնն այցելեց Հայաստան, ես այն վերլուծաբաններից մեկն եմ եղել, ով նշել է, որ այդ այցը չափազանց կարևոր է և չի սահմանափակվում միայն հանրությանը մատուցված հայտարարություններով: Պետքարտուղարի օրակարգում չէր կարող լինել ընդամենը մեկ հարց` գալ Երևան և հիշեցնել, որ պաշտոնական Երևանն իրեն շատ կառուցողական և ցանկալի է պահել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում: Նույն այցից հետո Հ.Քլինթոնը Թուրքիայում մասնակցում էր Սիրիայի և Իրանի հարցերով համաժողովի: Ուզում եմ ասել, որ ուղերձներ շատ են բերվել, պարզապես հայկական դիվանագիտությունն` ինքն այս տարիների ընթացքում չկարողացավ կայանալ որպես ադեկվատ արձագանքող քաղաքականություն, և արդյունքում` մենք ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ս. Սաֆարյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս