«Հոռետեսին կարելի է սովորեցնել լավատես դառնալ». Մարտին Սելիգման՝ լավատեսության հոգեբանության հիմնադիր
Եթե հոգնել եք ընկճախտից, խոսքից գործի անցեք Մարտին Սելիգմանի՝ լավատեսության հոգեբանության հիմնադրի «Ինչպե՞ս սովորել լավատեսություն։ Փոխեք ձեր հայացքն աշխարհի ու ձեր կյանքի նկատմամբ» գրքի օգնությամբ։ Դա ձեզ համար իրենից մեծ բարդություն չի ներկայացնի։
Սելիգմանը մտնում է 20-րդ դարի՝ աշխարհի ամենամեջբերվող հոգեբանների վարկանշային ցանկի մեջ, և այն մասնագետն է, ով փորձարարական ու կլինիկական ճանապարհով ուսումնասիրել է այնպիսի ֆենոմեններ, ինչպիսիք են երջանկությունը, կյանքից բավարարված լինելը և լավատեսությունը։
Եվ այսպես՝
1. Հոռետեսին կարելի է սովորեցնել լավատես դառնալ, ընդ որում՝ոչ թե, ասենք, ուրախ մեղեդի սուլելու կամ անմիտ բաներ ասելու թեթևամիտ հնարքներով, որոնք սոսկ ժամանակավոր էֆեկտ կարող են ապահովել, այլ գիտակցաբար նոր հմտություններ ձեռք բերելով։
2. Լավատեսության հմտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն վարդագույն ակնոցի միջոցով կյանքին նայելու հայացքի հետ։ Դրանք չեն հանգում սեփական անձի մասին շարունակ լավատեսական արտահայտություններ անելուն։ Պոզիտիվ պնդումները, որոնք դուք ինքերդ ձեզ համար եք կրկնում, շատ աննշան նշանակություն ունեն, եթե ընդհանրապես որևէ նշանակություն ունեն։
3. Հոռետեսության հիմքում անօգնականությունն է ընկած։
4. Նորածինն իրենից ներկայացնում է ռեֆլեքսների համադրություն ու ի վիճակի չէ անել դրա սահմաններից դուրս որևէ բան։ Նրա ճիչը սոսկ ցավի հանդեպ ռեֆլեկտոր արձագանք է, ու ոչ ավելին, ու եթե մայրը, նրա ճիչը լսելով, մոտենում է վերջինիս, դա չի նշանակում, որ նա կառավարում է մոր վարքագիծը։ Ըստ էության՝ նորածինն ունակ է վերահսկել միայն մեկ մկանների համակարգ. դրանք ծծելու գործընթացի հետ կապված մկաններն են։
5. Ֆիզիկական առողջությունը մեծ մասամբ ավելի շատ է ենթակա գիտակցական վերահսկողության, քան ընդունված է համարել։
6. Ինչն իսկապես նշանակություն ունի, այն է, թե ինչ եք դուք մտածում պարտության պահին, երբ անհաջողության եք մատնվում, օգտագործո՞ւմ եք արդյոք հականեգատիվային մտածողության ուժը։
Յուրաքանչյուրիս առջև կյանքի նետած խնդիրների հետ բախվելիս գիտակցության մեջ ծնվող ապակառուցողական մտքերը փոխելու ունակությունը հանդիսանում է լավատեսության արվեստի հիմքը։
7. Իմ 25-ամյա հետազոտական փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ եթե մենք, ինչպես բոլոր հոռետեսները, համոզված ենք, որ ինքներս ենք մեր անհաջողության համար պատասխանատվություն կրում, որ այն մեզ միշտ է ուղեկցելու ու խոչընդոտելու է մեր ցանկացած նախաձեռնության իրականություն դառնալուն, ապա մենք ստիպված կլինենք բախվել մեծ տհաճությունների հետ, քան այն դեպքում, եթե մենք հակառակին հավատայինք։ Բացի դրանից, նմանատիպ համոզմունքների հետևորդ լինելը մեզ խոցելի է դարձնում դեպրեսիաների նկատմամբ, մենք կորցնում ենք մեր ստեղծագործական ներուժը և որոշակի չափով՝ նաև ֆիզիկական առողջությունը։ Այսպիսով հոռետեսական կանխատեսումները սկսում են իրականանալ։
8. Հոռետեսորեն տրամադրված մարդկանց աչքերում տհաճությունները հաճախ վերածվում են աղետի։
9. Մտածելակերպն այն չէ, ինչ մեզ մեկընդմիշտ տրվում է։ Ինչպես մենք գիտենք հոգեբանություն գիտությունից, մարդը կարող է ընտրել մտածողության ռազմավարությունը։
10. Լավատեսներն ավելի քիչ են ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների, քան հոռետեսները։
11. Առկա տվյալները ցույց են տալիս, որ լավատեսներն ավելի երկար են ապրում, քան հոռետեսները։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը