Վերջին երեք տարում աշխարհում 3000-ից ավելի իրավապաշտպաններ ու լրագրողներ են սպանվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անպատիժ չթողնել ԶԼՄ-ների աշխատողների եւ իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ կատարվող հանցագործությունները: Վերջին երեք տարվա ընթացքում աշխարհում սպանվել են հազարից ավելի իրավապաշտպաններ ու լրագրողներ, հայտարարել է նա՝ փետրվարի 25-ին Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 40-րդ նստաշրջանի բացմանը։
«Հազարից ավելի իրավապաշտպաններ ու լրագրողներ են սպանվել վերջին երեք տարում»,-ասել է Գուտերիշը՝ կոչ անելով «ավելին անել» նրանց պաշտպանելու եւ բռնաճնշումները դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը նաեւ անհանգստություն է հայտնել Համացանցում եւ սոցիալական ցանցերում այլատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողության տարածման կապակցությամբ, ներառյալ հակասեմիտիզմը եւ մուսուլմանների նկատմամբ ատելությունը:
Գուտերիշը հայտնել է, որ ցեղասպանության կանխման հարցերով իր հատուկ խորհրդական Ադամ Դիենգին հանձնարարել է՝ «ՄԱԿ-ի թիմ հավաքել այն հայտարարություններին պատասխանն ուժեղացնելու համար», որոնք ատելություն են բորբոքում, եւ ներկայացնել «գործողությունների համապատասխան գլոբալ պլան»:
ՄԻԽ-ի նստաշրջանի (փետրվարի 25-մարտի 22) մասնակիցները քննարկելու են իրավունքների եւ ազատությունների բնագավառի իրադրությունը երեք տասնյակ երկրներում, ներառյալ Ուկրաինան, Վենեսուելան եւ Սիրիան: Ուշադրություն է դարձվելու նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ բռնությունից երեխաների պաշտպանությունը, մարդու իրավունքների հարգումը ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում, կտտանքների կանխումը: ՄԻԽ-ը ՄԱԿ-ի համակարգի միջկառավարական մարմին է:
Այն ստեղծվել է 2006 թվականին՝ փոխարինելով Մարդու իրավունքների հանձնաժողովին, որին հաճախ էին քննադատում կանխակալության համար: Խորհրդի կազմում ընդգրկված է 47 պետություն, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղղակի գաղտնի քվեարկության ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: