Նոր կառավարությունում նորից մնացել են հների հույսին
ՀՀ Ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա:
Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը:
Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակն է գործող իշխանության մեջ, ով անձնական հին կապեր ունի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և չճշտված տեղեկությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ դիմում է, անկաշկանդ շփումներ է ունենում նախկին իշխանության որոշ անդամների հետ, խորհրդակցում է աշխատանքային հարցերի շուրջ:
Միրումյանի հետ հանդիպման մանրամասներին մեր աղբյուրը չէր տիրապետում: Հանդիպման արդյունքների մասին փորձեցինք տեղեկանալ անձամբ իրենից՝ Վ. Միրումյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակում նրան գտնել չհաջողվեց:
Հիշեցնենք, օրեր առաջ 168.am-ը գրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի փոխարինող գտնելու իշխանության տրամադրվածության և պատճառների մասին: Փաստորեն հայտնաբերված միակ թեկնածուն, որի անվան շուրջ քննարկում է ծավալվում Փաշինյանի ղեկավարած կառավարության ներսում, նորից հին «դարբնոցից է»:
Հիշեցնենք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, Ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղափոխվել էր ամենախոշոր հարկատուներից մեկի մոտ՝ նշանակվելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով։
Սյուզի Բադոյան