«Չնայած ծրագրում գրված է, որ պարտավորությունները պետք է խիստ չափելի լինեն, բայց խիստ չափելի չեն»
«Չնայած ծրագրի 22-րդ էջում գրված է, որ պարտավորությունները պետք է խիստ չափելի լինեն, բայց խիստ չափելի չեն: Եթե նույնիսկ ասում ենք՝ ՀՆԱ-ի այսքան աճ, դրա հետ զուգահեռ՝ պետք է լինեն դա ապահովող մյուս ցուցանիշները՝ ներդրումների տոկոս, արտահանման աճ՝ ըստ տարիների, աշխատատեղերի քանակ, ոլորտների զարգացման համամասնություններ, աղքատության կրճատման տոկոս, գործազրկության, քանի ՓՄՁ-ներ կառաջանան, և այդ ամենը՝ ըստ ժամանակացույցի: Այնպես չէ, որ պարտավորությունը վրա է հասնում 2023թ.: Պետք է ընթացիկ ժամանակացույցով համամասնորեն լինի պարտավորության կատարումը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին: Նաև հավելել է.
«Իհարկե, համակարգային կոռուպցիայի և արհեստական մենաշնորհների դեմ պայքար գնացել է, բայց դրա հիման վրա ավտոպիլոտով չի կարող տնտեսությունը զարգանալ: Ընդհանրապես խոշոր տնտեսությունների համար 1% աճը շատ ուժեղ քարշակ է, փոքրերի համար առնվազն պետք է լինի 9-12% աճ: Կարեն Կարապետյանի ժամանակ այդ բարձր աճը կար, բայց որակական չէր, քաղաքացին չէր զգում իր մաշկի վրա: Հիմա փոքր չափերով տնտեսությունների համար բարդ է, 5%-ը քիչ է, մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ չի, որովհետև այդ աճն ապահովվում է հաշված ոլորտների շնորհիվ՝ լեռնահանքային արդյունաբերություն, տուրիզմ, վերամշակող արդյունաբերություն, խմիչք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Բնական է, որ 5%-ի դեպքում որակական աճ չի լինի»:
Մ.Մելքումյանը համաձայն չէ այն թեզի հետ, որ կարևորը ոչ թե ծրագրում գրվածն է, այլ իրականացվող նախագծերը. «Ընդհանրապես կարող ենք ոչինչ չգրել, ասել՝ կանենք: Բայց կառավարության ծրագրի հանգամանքը պատահական չէ, որ ընտրությունից հետո պետք է ներկայացվի ծրագիր: Դրա հիման վրա խորհրդարանը պետք է վերահսկի, կառավարությունն էլ հաշվետու լինի: Սա կարևոր ատրիբուտ է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: