Բաժիններ՝

Պարսկական կոտրվող ամրաններ, վտանգված շենքեր և պատկան մարմինների անգործություն

Վերջին շրջանում համացանցում լայն տարածում է գտել պարսկական կոտրվող ամրանների մասին տեսանյութը: Թվում էր, թե դա մեզ չպետք է անհանգստացնի, քանի որ Հայաստանում գործում են լիովին այլ ստանդարտներ:

Հայաստանում շենքերը նախագծվում են Ա500 դասի ամրաններով, իսկ Իրանում արտադրվում է Ա400 կամ Ա III դասի ամրան: Սակայն, պարզվում է՝ Հայաստանում վերջին շրջանում լայն կիրառում են ստացել Իրանից ներմուծված ամրանները (արմատուրա), չնայած այն հանգամանքին, որ շուկայում կան ռուսական և հայկական արտադրության ամրաններ։ Չնայած ցածր որակին, պարսկական ամրանների մեծ պահանջարկը պայմանավորված է համեմատաբար ցածր գնով։

Այսպես, ռուսական ամրանի մեկ տոննան արժե 350 հազար դրամ, հայկական ամրանի արժեքը 330 հազար դրամ է, իսկ պարսկականի արժեքը տատանվում է 280-310 հազար դրամի սահմաններում։ Ուստի շինարարություն իրականացնողները նախընտրում են էժան, սակայն ցածր որակի պարսկական ամրանները։

Ավելին՝ իրանական ամրաններն իրենց որակով չեն համապատասխանում ՀՀ-ում ամրաններին ներկայացվող չափանիշներին։ Չափանիշերը վերաբերում են ամրանի նյութերի պարունակությանը, արտաքին տեսքով հնարավոր չէ տարբերել իրանական ամրանը հայկականից կամ ռուսականից։

Այսպիսով, որակապես ցածր լինելով, պարսկական ամրանը շինարարություն իրականացնողների համար ձեռնտու է գնային առումով։ Իսկ դա արդեն անդրադառնում է կառուցվող շինությունների ամրության և սեյսմակայունության վրա։

Նշենք, որ հայկական և ռուսական արտադրության Ա500 դասի ամրանները պարսկական Ա400 դասով փոխարինելու դեպքում պետք է կատարվի նախագծի փոփոխություն, որը կհանգեցնի ամրանի ծախսի 20 տոկոս ավելացման, և այն կդառնա տնտեսապես ոչ նպատակահարմար, ուստի կարող ենք ենթադրել, որ այդպես չի արվում:

Այս հարցում կանխարգելող դերը պատկանում է վերհսկող մարմնին՝ Քաղաքաշինության կոմիտեի և Որակի տեսչության  համապատասխան ստորաբաժանումներին, որոնք, ոլորտից տեղյակ մեր աղբյուրի հավաստամամբ, ուղղակի հանցավոր անգործության են մատնված այս հարցում։ Ասվածը վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան՝ մասնավոր շինությունների կառուցմանը, որքան պետական ֆինանսավորմամբ իրականացվող տարբեր ծրագրերի շինարարությանը:

Դրանց շինարարությունը սուբսդիավորում է պետությունը, շինարարությունն իրականացնում են հիմնականում մասնավոր ընկերությունները՝ իրենց հայեցողությամբ գնելով շինանյութը, այդ թվում՝ ամրանները։ Եվ բազմաթիվ են նման ծրագրերի շրջանակներում կառուցված շենքերը, որոնցում օգտագործվել են հենց էժան պարսկական ամրանները։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. Երբեք չպետք է մոռանալ 1988 դեկտեմբերի 7-ը…  որքան շատ ենք հեռանում վերջին ավերիչ երկրաշարժից, այդքան ավելի ենք մոտենում նոր աղետի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս