Ինչո՞վ են վտանգավոր Facebook-ի թեստերը
Ամեն օր Facebook-ի գրեթե բոլոր օգտատերերն իրենց նորությունների պատին հանդիպում են տարբեր թեստեր ապագայի, անցյալի, ինչո՞ւ ոչ, նաև նախորդ կյանքի մասին: Թեստերից բացի, շատ են նաև հումորային նամակագրություններն ու կանխատեսումները: Facebook-ի հայ օգտատերերը վերջին օրերին ակտիվորեն տարածում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հումորային նամակագրությունը՝ դրանով իսկ վտանգելով սեփական ինտերնետ անվտանգությունը:
Ինչո՞վ են վտանգավոր նման թեստերը, և ինչո՞ւ չպետք է անցնել դրանք:
Հավելվածները, որոնք գեներացնում են թեստերի արդյունքները, ստանում են ձեր տվյալների նկատմամբ ամբողջական հասանելիություն: Ամենավատն այն է, որ տվյալները մնում են ընդմիշտ: Հավելվածները կարող է պահպանել ձեր մասին տեղեկատվություն՝ որտեղ հնարավոր է, և վաճառել դրանք՝ ում ցանկանա:
Հաճախ օգտատերերի մասին տեղեկատվությունը վաճառվում է գովազդատուներին:Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել անընդհատ կրկնվող գովազդներին: Գովազդները կհայտնվեն ոչ միայն բրաուզերներում և Facebook-ում, այլև կուղարկվեն ձեզ էլեկտրոնային փոստով:
Հաճախ տվյալները վաճառվում են նաև բանկերին: Բանկերն օգտագործում են սոցցանցերի անձնական տվյալները, որպեսզի հասկանան, թե որքան վճարունակ է տվյալ օգտատերը:
Անձնական տվյալները կարող են օգտագործվել նաև ֆիշինգի համար: Ձեր ծանոթներին և ընկերներին կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ օգտագործելով ձեր տվյալները:
Այսպիսով, խորհուրդ չի տրվում անցնել սոցցանցերում առաջարկվող թեստերը՝ առաջին հերթին՝ անվտանգության նկատառումներով: Անցեք միայն այն թեստերը, որոնք ձեզ առաջարկում են ձեզ ծանոթ և վստահելի կայքերը:
Հակառակ դեպքում դուք ձեր մասին կհաղորդեք հետևյալ տվյալները՝
- Անունը, պրոֆիլի լուսանկարը, տարիքը, սեռը, ծննդյան օրը և այլ հանրային տեղեկություններ
- Ընկերների ամբողջական ցանկը
- Ամենը, ինչ դուք հրապարակել եք
- Բոլոր լուսանկարները և այն լուսանկարները, որտեղ դուք նշված եք
- Ձեր կրթությունը
- Հարազատ քաղաքը և բնակության վայրը
- Այն ամենի ցանկը, ինչ դուք երբևէ հավանել եք
- IP-հասցեն
- Տեղեկատվություն այն սարքի մասին, որով դուք մուտք եք գործում Facebook, այդ թվում՝ բրաուզերը և լեզուն:
Սիրարփի Աղաբաբյան