«Ադրբեջանցիները ժամանակին թույլ չեն տվել, որ հայերը բնակեցնեին գետի ակունքները, խոչընդոտել են նաև ջրամբարների կառուցմանը». Դավիթ Բաբայանի նոր գիրքը՝ ադրբեջանցիների քաղաքականության մասին
Լույս է տեսել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի նոր գիրքը, որը կոչվում է «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոաշխարհաքաղաքականությունը»:
«Կարևոր թեմա է՝ կապված հայ ժողովրդի անվտանգության, բնականոն զարգացման, հուսալի ապագայի հետ: 21 տարվա աշխատանքի ամփոփումն է: Վերլուծություններն ու աշխատանքները սկսվել են դեռևս 1998 թվականին: Սկզբում փակ վերլուծական աշխատանք էր, 2002-2003թթ. արդեն թեման բաց էր, ներկայացվել է հանրությանը: Որպես աշխատություն՝ ավարտուն տեսք ունեցել է 2007 թվականին: Երկրագունդը հարուստ է ջրերով, բայց նրանց մեծ մասը քաղցրահամ չեն, ավելին՝ դրանք ոչ հավասար են տեղաբաշխված: Կան տարածաշրջաններ, որոնք ջրապաշարների խիստ կարիք ունեն: Գրքում ներկայացված է աշխարհում տիրող իրավիճակը, ջրային ռեսուրսների համար պայքարը:
Մեր հարևանները նույնպես հիդրոքաղաքականությունն ակտիվորեն օգտագործում են: Թուրքիան այն երկիրն է, որը մեր պատմական հողերը, ջրային պաշարները լրիվ յուրացրեց և օգտագործում է իր արտաքին քաղաքականության մեջ՝ ճնշումներ գործադրելով Սիրիայի, Կիպրոսի, Իրաքի վրա: Ինչ վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա այստեղ կան նաև նորություններ: Հիդրոքաղաքականությունը երկու տասնամյակ է, ինչ կա, բայց բոլոր աշխատություններում բացակայում էր հիդրոժողովրդագրության գաղափարը, որը մենք ենք ներկայացրել: Այսինքն՝ ջրային ռեսուրսների վերահսկողության նպատակով կարևոր գետերի ակունքներում բնակչության տեղակայում, որպեսզի նրանք կարողանան այն վերահսկել: Ադրբեջանը լայնորեն օգտագործում է այդ քաղաքականությունը:
Դրա արդյունքը եղավ այն, որ նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների մոտ 85 տոկոսը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Գետերի ակունքներում նրանք ինչ-որ գյուղեր են հիմնադրել, խոչընդոտել մեր կողմից ջրային պաշարների օգտագործմանը»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Դավիթ Բաբայանը:
Հեղինակի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ հայերը բնակեցնեին գետի ակունքները: Հետաքրքիր քաղաքականություն են վարել նաև գյուղերի հիմնադրման հետ կապված: Ադրբեջանական կողմը խոչընդոտել է հայերի կողմից ջրամբարների կառուցումը: Երբ որ մերոնք ցանկացել են վերևում ջրամբար կառուցել՝ ասել են, որ արդեն ներքևում կա:
«Միակ բացառությունը Սարսանգի ջրամբարն էր: Սարսանգն աշխարհագրորեն հնարավոր չէր կառուցել Ադրբեջանում: Դրա համար կառուցել են ԼՂԻՄ տարածքում, բայց ամբողջ կառավարման համակարգը գտնվում էր Մինբաշիր քաղաքում, որ մերոնք չկարողանան այդ ռեսուրսների բաշխմանը մասնակցել:
Խորհրդային տարիներին գյուղատնտեսությունը զարգացած էր, բայց կարողանում էին ջրել տարածքների 10 տոկոսը: Գերակշիռ մասը Մարտակերտի շրջանում էր, որը օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ինչքան մերոնք խնդրում էին՝ ասելով, որ տարածքները պետք է ջրել, բերքը կեռապատկվի, չէին անում, որովհետև, եթե բերքը եռապատկվեր, տնտեսությունը զարգանալու էր: Երբ որ արցախյան շարժումը սկսվեց՝ խորհրդային իշխանությունը որոշեց Պատար գետի վրա կառուցել ջրամբար: Մինչ այդ, ադրբեջանցիներն այնտեղ փոքր տնակներ էին կառուցել հովիվների համար ու անունը դրել «Լեսնոյ»:
Արդյունքում՝ 600-800 մարդ է ապրել այնտեղ ու գյուղ էին դարձրել: Երբ պետք է 1988-89թթ. «Լեսնոյ»-ում ջրամբար կառուցեին, իրենք ասել են՝ սա գյուղ է, ինչպե՞ս կարելի է, մարդիկ են ապրում, ուզում եք՝ գյուղը ջրի տակ անցնի՞: Նրանք ժամանակին պատրաստվել էին, ամեն ինչ արել էին, որպեսզի թույլ չտան նման զարգացումներ: Խորամանկ քաղաքականություն էին վարում նաև գյուղ հիմնադրելիս: Նոր անուն չէին դնում գյուղին: 4 կմ հեռու նոր գյուղ էին կառուցում նույն անունով: Երբ դիմեիք խորհրդային իշխանություններին, ասելու էին` սա մեկ գյուղ է, ի՞նչ եք ուզում: Եղել են տարածքներ, որ 800 մարդ է ապրել, բայց գյուղի կարգավիճակ չեն տվել, թաքուն են պահել»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նկատում է՝ ամենագարշելի դրսևորումը եղել է հիդրոահաբեկչությունը, մեր ջրային պաշարների թունավորումը, որը սկսվել է խորհրդային տարիներին:
«Թունավորումը կատարվել է, օրինակ, քլորի ավելացմամբ: Երեխա ժամանակ վազում էինք գետերը՝ լողալու, և ներկայիս Մեղրագետին մի քանի մետրից չէինք կարողանում մոտենալ՝ քլորի հոտից: Իսկ շատերը գնացել են լողալու, դրա համար Արցախում, որը խորհրդային տարիներին առաջին տեղն էր զբաղեցնում երկարակյացների քանակով՝ շատերն են քաղցկեղով հիվանդացել: Հիմնական պատճառը եղել է շրջակա միջավայրը:1970-89թթ. Արցախը, որը նախկինում որևէ քաղցկեղով հիվանդ չի ունեցել, Անդրկովկասում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Սումգայիթին և Երևանին: Այն դեպքում, որ ԼՂԻՄ-ում չկար ոչ մի գործարան, որ թունավորեր օդը, ջրային պաշարները: ԽՍՀՄ տարիներին թունավորումը կարող էր տեղի ունենալ երկու ձևով. Մեկը՝ ֆիլտր-կայաններում, մյուսը՝ ակունքներում: Երբ որ վերլուծեցինք ֆիլտր-կայանների աշխատանքը, պարզվեց, որ Ստեփանակերտի ֆիլտր-կայաններում աշխատողների 99 տոկոսն ադրբեջանցիներ էին, որոնք չեն ապրում Ստեփանակերտում: Ուրեմն քլորը գցել են այդտեղ, իրենք ջուրը չեն խմել:
Ավելին՝ 1990թ. ադրբեջանցիները Ստեփանակերտը սնուցող գետերի մեջ են գցել կրեոլին թունավոր նյութ: Սա օգտագործվում էր մանր և եղջերավոր անասունների քոսի դեմ:
300 լ ջուր էին լցնում, 2-3 կաթ կրեոլին, ոչխարին 3 վայրկյան դնում մեջն ու հանում էին: Ա՛յ, այդքան թունավոր էր: Ահա, այդ կրեոլինը գցել էին, ու 15 օր Ստեփանակերտ քաղաքի 40 տոկոսը չէր կարողանում տանը ջուր խմել: Բացում էիր, ու հոտը սարսափելի էր պարզապես: 1-2 օրում ոչնչացան հավերը, սագերը, բադերը: Իսկ երբ Շուշին թողեցին՝ գազի խողովակը բացել և գցել էին մի շարք գետերի մեջ:
Հիմա իրենք հայտարարում են, թե հայկական կողմը կատարում է ռադիոակտիվ թափոնների թաղում Մեծամորի ատոմակայանից՝ Քարվաճառում: Իհարկե, դա այդպես չէ: Բայց մենք միջազգային հանրությանն ասում ենք, որ վաղը, եթե իրենց Քարվաճառի շրջանում վերահսկողություն հաստատեն՝ ռադիոակտիվ թափոններ են գցելու Արփա ու Որոտան, Թարթառ ու Խաչեն: Մենք ռազմավարական կարևորագույն տարածքները չենք կարող թողնել հակառակորդին»,- նկատեց Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ գիրքը ռուսերեն է, թարգմանվելու է նաև անգլերեն լեզվով:
Անի Կարապետյան