Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ
Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri):
Ընգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունն ու խորապես բարեկամական բնույթը, Լիբանանի խորհրդարանի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ։
Նաբիհ Բըրիի խնդրանքով դեսպան Աթաբեկյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու արդյունքները՝ որպես երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բնականոն և տրամաբանական հանգրվան:
Լիբանանի խորհրդարանի նախագահը խոստացել է իր աջակցությունը՝ Հայաստանի Ազգային ժողովի վերջնական կազմավորումից հետո երկու երկրների միջև հաստատված միջխորհրդարանական համագործակցությանը նոր թափ և նոր որակ հաղորդելու համար։