Բաժիններ՝

«Օպտիմալացումը ո՞րն է, նախարարությունը երկու տեղ բաժանե՞լը»

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունը կմիավորվի Կրթության և գիտության նախարարությանը։

Ավելին՝ Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հատվածը կմիանա Քաղաքաշինության կոմիտեին:

«Նախատեսվում է հուշարձանների պահպանության ոլորտը ընդգրկել Քաղաքաշինության կոմիտեի կազմում: Նախ՝ այդ կոմիտեն մշակման լիազորություններ չունի: Ի դեպ, հարց է նաև, թե այդ ո՞ր բնույթի հուշարձաններն ենք առանձնացնում. նյութական, ոչ նյութական, մտավոր, որո՞նք: Եվ, եթե հաշվի առնենք, որ դրանք ճարտարապետական հուշարձաններն են, ապա կտրվում են քաղաքականությունից: Հաջորդ անհանգստությունն այն է, որ ոչ թե օպտիմալացում, այլ տարանջատում է լինում, հետևաբար՝ երկու տեղ պետք է քաղաքականություն մշակվի: Հիմա օպտիմալացումը ո՞րն է, նախարարությունը երկու տեղ բաժանե՞լը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով՝ քաղաքաշինությունը որևէ կապ չունի հուշարձանների պահպանության բնագավառի հետ:

«Օրինակ՝ կարող եք կանգնել Հանրապետության հրապարակում ու տեսնել, թե ինչ է կատարվում: Դրանք բոլորը կատարվել են միջավայրի պահպանության, օրենքի խախտումներով, որոնց համար մեր մարմնի կողմից քրեական գործեր են հարուցված: Մինչև այսօր կարողացել ենք պահպանել հուշարձաններն այնքանով, որքանով քաղաքական ղեկավարներն են համաձայնել: Աֆրիկյանների, Աճառյանի շենքերի քանդումը եղել են քաղաքական ղեկավարների համաձայնությամբ»,- նշեց Արմեն Աբրոյանը:

Երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ ասաց, թե որևէ օրենք չկա, որը կսահմաներ Մշակույթի նախարարության ֆունկցիաները:

«Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ղեկավար այս 30 տարիների ընթացքում ոնց պատկերացրել, այնպես էլ աշխատացրել է այն: Յուրաքանչյուր ղեկավար ըստ իր պատկերացումների է ֆունկցիան հորինել: Այս տիրույթում տիրել է կամայականութունը, ամենաթողությունը: Մշակույթի նախարարությունը հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել, որոշ մարդկանց համար եղել է հնարավորություն՝ օգտվել բյուջեի բարիքներից: Սրա արդյունքում անկում է գրանցվել, կարծում եմ՝ դրանով էլ պայմանավորված է այս նախաձեռնությունը: Նախարարությունում 131 աշխատակից կա, բայց այս 30 տարիների ընթացքում չենք լսել, որ որևէ հարցի հետ կապված ձայն հանեն:

Չենք տեսել, որ աշխատակիցները դուրս գան փողոց ու իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: Նրանք դա սկսեցին անել այն դեպքում, երբ հասկացան, որ իրենց աթոռի խնդիրն է ի հայտ գալիս: Հիմա շատ դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից»,- նկատեց Վահան Արծրունին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս