«Պետական այրերը պետք է կամք դրսևորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչեւ կառավարության ներկայացուցիչներ:

Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ:

Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարեւորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին:

Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆիրամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: ՈՒ եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել. Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ եւ առաջ գնալու ուրույն տեսլականով:

Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձեւավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են:

Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյան աշխատանքից հետո կազմակերպում է իր ժամանցն ու ուրախանում ընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների սանիտարական տարրական պայմանները ծնողներն են հոգում, տատիկ-պապիկներն իրենց արտագաղթած երեխաներին ու թոռներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքներն ուղղակի բարոյական չեն:

Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: «Զորահանդեսի հրամանատարին» թվում է, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, սեփական ժողովրդից, տնտեսությունից:

Այս տրամաբանությամբ քեֆ անողի քեֆը, երկրի հոգսերի նման, երբեք չի պակասի: Կարծում եմ՝ պետական այրերը պետք է կամք դրսեւորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ ռեստորանների սրտակեղեք երգերի ներքո պետական հարցերը լուծում չեն ստանում, իշխանությունների առջեւ դրված օրհասական խնդիրները, այն էլ պատերազմող երկրի պարագայում, բոլորովին այլ միջավայր ու սեղանակիցներ են ենթադրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս