Նախընտրական քարոզարշավի համար ո՞ր քաղաքական ուժերն ավելի արդյունավետ օգտագործեցին համացանցը. մանրամասնում է մեդիա փորձագետը
«Կարծում եմ՝ սոցիալական ցանցերում օգտատերերն ավելի շատ կհիշեն Հանրապետական կուսակցության քարոզարշավը, քանի որ այն տարբերվող էր, սակայն սա չի նշանակում, որ ամենալավն էր։ Մարդկանց գիտակցության մեջ թողեց ամենամեծ հետքը հենց նրանց քարոզարշավը, որովհետև յուրահատուկ էր՝ սև ու սպիտակ պաստառներից՝ մինչև սպիտակ ձիերը»,- անդրադառնալով 168.am-ի հարցին, թե նախընտրական քարոզարշավում սոցիալական ցանցերում ո՞ր քաղաքական ուժերն ավելի արդյունավետ և յուօրինակ քարոզարշավ իրականացրեցին, նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի համացանցային քարոզարշավին, ապա, ըստ մեդիա փորձագետի, այն շատ տարածված էր, քանի որ հանրության մեծ մասը նրա համար դարձել էր օժանդակող օղակ։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքից բացի, կային նաև այլ ուժեր, որտեղ համացանցում նախընտրական գովազդներ տարածելիս մեծապես ներգրավված էին երիտասարդներ, օրինակ՝ «Մենք» դաշինքը և «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։
«Քաղաքացու որոշումը» երևի ամենացանցայինն էր, փաստացի տեղերում նրանք շատ քիչ են քարոզարշավներ իրականացրել, բայց փորձեցին բոլորից տարբերվել»,- շեշտեց մեդիա փորձագետը։
Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական հոլովակին, որն ակտիվ շրջանառվում էր համացանցում և ապահովել էր մեծ դիտելիություն, Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ ՕԵԿ-ի քաղաքական գովազդը յուրահատուկ էր նրանով, որ բովանդակությունն ու ձևը միմյանց չէին համապատասխանում.
«Լավ տեսահոլովակներ էին, որակյալ սարքած, բայց PR-ում կարևոր է նաև, թե ինչ են PR անում։ Օրինակ, լինում են հետաքրքիր գովազդներ, որոնք տարիներ շարունակ հիշվում են, բայց հետո որևէ մեկը չի հիշում, թե այնտեղ կոնկրետ ինչ էր գովազդվում։ Նույնը ՕԵԿ-ի հոլովակի պարագայում էր, այն շատ դիտելիություն ունեցավ, բայց թիրախին չէր խփում, այն օգտատերերը տարածում էին՝ զուտ որպես զավեշտալի մի երևույթ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Զվարթ Խաչատրյան



