ՄԱԿ-ը պլանավորում է 5,5 մլրդ դոլար հատկացնել սիրիացի փախստականների կարիքների համար
2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: Այդ մասին Ժնեւում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:
«ՄԱԿ-ի հիմնարկությունները եւ գործընկերային ոչ կառավարական կազմակերպություններն այսօր հրապարակել են փախստականներին օգնելու տարածաշրջանային ծրագիրը: 5,5 մլրդ դոլարի այդ ծրագիրը նախատեսված է Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի եւ Իրաքի կողմից ազգային մակարդակով գործադրվող ջանքերին աջակցելու համար, որպեսզի հաղթահարվի սիրիական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը»,- նշում է ՄԱԿ-ի վարչությունը:
Ընդգծվում է, որ ներկայում տարածաշրջանի երկրներում գրանցված են 5,6 մլն սիրիացի փախստականներ, ներառյալ մոտավորապես 1 մլն նորածիններ:
Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում Է օգնություն ցուցաբերել տեղական այն համայնքներին, որոնք ընդունել են սիրիացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: